Գաղտնի կետ և 46 միլիոն դրամ՝ անհայտ հասարակական կազմակերպություններին
Վարչապետի աշխատակազմը 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծ է ներկայացրել Կառավարության հաստատմանը, որով 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացվել հասարակական մի շարք կազմակերպությունների։
Նախագծում նշված է, թե ինչ նպատակով է գումարը հատկացվում՝ քաղաքացիական հասարակության կառույցների և նրանց կարողությունների զարգացման, տնտեսական և քաղաքական կյանքում ՔՀԿ-ների ընդգրկվածության և մասնակցության աճին նպաստելու համար։ Ենթադրվում է, որ քաղհասարակության, հատկապես՝ վերջին շրջանում, պասիվությունը մարդու իրավունքների, խոսքի ազատության սահմանափակումների նկատմամբ անտարբերությունը պայմանավորված էր ֆինանսական միջոցների սղությամբ:
Տարօրինակ է, սակայն Կառավարությունը գաղտնի է պահում, թե կոնկրետ ո՞ր հասարակական կազմակերպություններին է այդ գումարը հատկացվելու, յուրաքանչյուրին՝ որքան գումար, ինչպես և ինչ չափանիշներով է կատարվել Կառավարության հոգածությանն արժանացած ՀԿ-ների ընտրությունը։ Թեև շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ վստահեցնում էին, թե աշխատելու են բաց, թափանցիկ, հանրությունից գաղտնիքներ չեն պահելու:
Ի դեպ, նախկինում էլ էին քաղհասարակության ներկայացուցիչներին, ասել է թե՝ ՀԿ-ներին պետական աջակցություն ցուցաբերում, բյուջեից գումար հատկացնում, ընտրության հիմնավորումներն այն ժամանակ էլ պարզ չէր, բայց գաղտնի չէին հատկացումներ ստացած ՀԿ-ների անունները:
Հուսանք, գաղտնիքը կկարողանանք բացահայտել, երբ ուշադիր լինենք և հետևենք, թե հատկապես որ ՀԿ-ներն են սկսել ավելի ակտիվ աշխատել, քաղաքացիական հասարակության որ կառույցները և նրանց կարողություններն են զարգացել, տնտեսական և քաղաքական կյանքում որ ՔՀԿ-ների ընդգրկվածությունն ու մասնակցությունն է աճել: