Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Կիևից իր երկու ինքնաթիռների վերադարձի հարցով

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իր երկու ինքնաթիռները Բորիսպոլի օդանավակայանից վերադարձնելու հարցով: Այս մասին ասել է նախարար Հուլուսի Աքարը:

«Փետրվարի 24-ին մենք մեր երկու Ա400Մ ինքնաթիռները հումանիտար օգնությամբ ուղարկել ենք Ուկրաինա: Միևնույն ժամանակ ծրագրում էինք այդտեղից տարհանել մեր քաղաքացիներին: Մեր երկու ինքնաթիռներն օդային տարածքի փակման պատճառով այժմ սպասում են Բորիսպոլի օդանավակայանում: Մենք այս հարցով շարունակում ենք շփումներն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ ապահովելու մեր ինքնաթիռների առավելագույն անվտանգությունը»,- HaberTurk-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների մասին: «Մենք բանակցել ենք և շարունակելու ենք բանակցությունները: Ակնկալում ենք, որ դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

 

Տեսանյութեր

Լրահոս