ԱՄՆ-ը 900.000 դոլար կհատկացնի տաջիկա-աֆղական սահմանի ուժեղացման համար
ԱՄՆ-ը գործարկել Է 900 հազար դոլար բյուջեով նոր նախագիծ, որը վերաբերում է տաջիկա-աֆղական սահմանի դիտազննման սահմանապահ զորքերի հնարավորությունների ուժեղացմանը։
Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համագործակցությամբ, հայտարարել է «տաջիկա-աֆղանական սահմանի անվտանգության ապահովման եւ զենքի անօրինական տեղափոխումից, թմրանյութերի անօրինական շրջանառությունից, անօրինական միգրացիայից եւ բնակչության առողջության համար ռիսկերից պաշտպանության վերաբերյալ» նոր նախագիծ սկսելու մասին:
«900 հազար ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ այդ նախագիծը ներառում է սահմանապահ զորքերի սպաների ուսուցում եւ տաջիկա-աֆղական սահմանի ենթակառուցվածքի բարելավում հետագա 36 ամսվա ընթացքում»,-ԱՄՆ-ի դեսպանությունը ճշտում է իր մամուլի տեղեկագրում:
Նշվում է, որ 2002 թվականից ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացրել սահմանների անվտանգության ուժեղացման ուղղությամբ՝ սահմանային կետերի, սահմանահատման կետերի եւ ուսումնական երեք կենտրոնների վերականգնման միջոցով: ԱՄՆ-ի դեսպանությունը նաեւ իրագործել է Տաջիկստանում անվտանգության ու կայունության աջակցությանն ուղղված այլ նախագծեր, ներառյալ այս երկրում անվտանգության ու կայունության աջակցության համար սարքավորումների եւ ուսուցման արդիականացումը:
Դեսպանությունը հավելում է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն իրագործում է մի քանի նախագծեր, որոնք ուղղված են սահմանների անվտանգության բարելավմանն ու կառավարմանը՝ հմտությունների զարգացման եւ ենթակառուցվածքի նորացման միջոցով՝ ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության ու կայունության բարձրացման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: