«Մեր ընդդիմադիր գործընկերները մեզ մեղադրում են նրանում, որ մենք հանձնել ենք տարածքների 75 տոկոսը․․․». Հակոբ Արշակյան
ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի խոսքով՝ այսօր Հայաստանում պատմական իրադարձություն է, քանի որ խորհրդարանը ՀՀ նախագահ է ընտրում, ինչը տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ պատգամավորների ընտրությամբ:
«Այն հայտարարությունները, որով փորձում են շղարշ գցել լեգիտիմության առումով, այդպես չէ, ուզում եմ ասել, որ ժողովրդի ձայնը ստացած պատգամավորներն են ընտրում երկրի նախագահ: Իհարկե, քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, որ նախագահի թեկնածուի ընտրությունը ոչ լեգիտիմ է, քանի որ դրան մասնակցում է իշխող ուժը, Հակոբ Արշակյանն ասաց, որ նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ իշխանությունները լեգիտիմ չեն, որովհետև առանց կոալիցիայի ու միանձնյա են կառավարում երկիրը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի երեկվա հայտարարությանը, որտեղ նա ընդդիմությանը մեղադրեց հողեր հանձնելու մեջ՝ նշելով, որ պետք լինի՝ նրանց հետ «մատ թափ տալով կխոսի և ուրիշ բան էլ թափ կտա», Հակոբ Արշակյանը նկատեց՝ ամեն ինչ ուղիղ եթերում է տեղի ունեցել, և դիտողները կարող են կարծիք կազմել:
«Խոսքը գնում էր այն մասին, որ մեր ընդդիմադիր գործընկերները մեզ մեղադրում են նրանում, որ մենք հանձնել ենք տարածքների 75 տոկոսը, ընդ որում՝ ասացին, որ հայրենիք եք հանձնել, և այլն, և այլն, նրանց բառապաշարն այդպիսին է: Եթե այդպես է, կոնկրետ յոթ շրջանների վերաբերյալ ամբողջ բանակցային գործընթացը և փաստաթղթերով վկայությունները, նաև հայտարարությունները Երկրորդ և Երրորդ նախագահների կողմից, այդ տարածքները հանձնելու մասին է եղել: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ նման բառապաշարով չեն արտահայտվում նախկին նախագահների հասցեին: Ըստ էության շարունակվում է այն գործընթացը, որ տարիներ շարունակ հանրությանը փորձել են գցել մոլորության մեջ՝ իրենց վրայից այդ պատասխանատվությունը գցելով, մեկ բանի մասին են բանակցել, եկել հանրությանը մեկ բան են ասել»,- շեշտեց Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա, եթե հիմա ընդդիմադիրներն ասում են, որ Կուբաթլուն հայկական է, ապա Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ինչի՞ մասին էին բանակցում:
«Գնացեք այդ հարցերը տվեք ընդդիմությանը: Երբ բանակցություն է գնում որևէ տրամաբանության մեջ և պայմանավորվածություններ են ձեռք բերվում, սրանք ի՞նչ են, փաստաթղթեր չե՞ն: Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ համաձայնել էր սկզբունքների հետ, սակայն Ադրբեջանը հետ կանգնեց, սա ինչի՞ մասին է խոսում: Հայաստանը բերել-հասցրել են այնտեղ, որ եղավ պատերազմ, իսկ պատերազմում լինում են հաղթողներ և պարտվողներ: Մոլորության մեջ գցել մարդկանց ու ասել, որ բանակցային գործընթաց է տեղի ունենում, և կուլիսներում զբաղվել թալանչիությամբ, հիմա դատարանով ամեն ինչն ապացուցվում է»,- փորձեց արդարանալ Հակոբ Արշակյանը:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում



