«Այս դեսպաններին շքեղ աշխատավարձ տալն ու թանկանոց ծախսերն ապահովելը ավելորդ հոգս է ՀՀ– համար»
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այս խառը աշխարհում, կապիտուլացված Հայաստանի դեսպանները կարևոր երկրներում, իշխանափոխության հետևանք հանդիսացող այս անտաղանդ կերպարներն են:
ԱՄՆ –ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին Գերազանցություն տկն. Լիլիթ Մակունց, որը բացի Նիկոլին վատ անգլերեն սովորեցնելուց, ուրիշ ոչինչ չի հասկանում ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ արտաքին քաղաքականությունից:
Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին գերազանցություն պրն. Վիկտոր Ենգիբարյան, որը պաշտոնամոլությունից դրդված, մի շարք կուսակցություններ փոխելուց հետո, հանգրվանեց կապիտուլյացիոն ռեժիմի գրկում: Առանց դիվանագիտական փորձի, վարժ հեծանիվ քշող այս երիտասարդը Գերմանիայում պարզ չէ, թե ինչով է զբաղված:
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին գերազանցություն պրն Վաղարշակ Հարությունյան, որի հրամանով 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, Հայաստանը հետ է քաշել իր զորքերը այն տարածքներից, որը հայ զինվորի արյան գնով պահվել էր և չպետք է տրվեր թշնամուն:
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին գերազանցություն պրն. Վլադիմիր Կարապետյան, որը ՀՀՇ-ի մնացորդներից վերածվել է կարկառուն նիկոլականի: Այնուհետև՝ Արցախի հարցը ադրբեջանցիների հետ առևտուր անելուց հետո, հայ զինվորների դեմ ֆոսֆորային զենքեր կիրառած Կիևի նկուղներում, այժմ հայ հարկատուների գրպանից աշխատավարձ է ստանում:
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Նորին գերազանցություն պրն. Սոս Ավետիսյան: Նիկոլի ջերմեռանդ ջատագով, ոչ մի բանով Հայրենիքին չծառայած մարդ, դիվանագիտական զրո փորձ ունեցող մեկը:
Չեմ ասում, թե Նիկոլի վարչապետության ժամանակ, մյուս դեսպաններն իրենց կոտորել են Հայրենիքին ծառայելով, բայց վստահ ասում եմ, որ վերոհիշյալ դեսպաններին շքեղ աշխատավարձ տալն ու թանկանոց ծախսերն ապահովելը ավելորդ հոգս է Հայաստանի Հանրապետության համար: Ավելի ճիշտ՝ պետական միջոցների վատնում, փոշիացում»։