ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետիի հետ

Ժնևում մարտի 1-ին տեղի ունեցող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի, և մասնավորապես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ տարին խորհրդանշական է՝ լրանում է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես միջազգային հանրության պատասխանատու և հուսալի գործընկեր ու հետևողականորեն իր ներդրումն է ունեցել բազմակողմանիության առաջմղման, ինչպես նաև աշխարհում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման գործում։

«Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրապաշտպան կառույցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց պաշտոնական Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուշադրություն է հրավիրվել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։

Կողմերը նաև հանգամանորեն մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող բարեփոխումների և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումների շուրջ, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանման, դատաիրավական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Զրուցակիցները բարձր են գնահատել այս գործընթացում միջազգային կառույցների հետ համակարգված փոխգործակցությունը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս