Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտը. Շառլ Միշել

Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտը։ Այս մասին երեքշաբթի Եվրախորհրդարանի նիստում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության հայտը «օրինական է, մենք պետք է լրջորեն դիտարկենք այն այս դժվարին ժամանակներում»։

«Մի քանի րոպե առաջ նախագահ Զելենսկին բացեց իր սիրտը և հիշեցրեց ԵՄ-ին պաշտոնական անդամակցության հայտի մասին։ Կարծում եմ, որ մենք պետք է գործենք ներկայիս ժամանակներում, սա բարդ որոշում է, բայց մենք պետք է ներգրավենք Եվրոպական հանձնաժողովին լուծում մշակելու համար, որպեսզի խորհուրդը կարողանա քննարկել այս հարցը», – ասել է Միշելը:

Ներկայում Ուկրաինայի ընդունման հատուկ ընթացակարգ է սկսվել։

Միշելը նաև հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի օգնել Ուկրաինային ֆինանսական հարցում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ուղերձ է հղել Եվրախորհրդարանին։ Ուկրաինան, նրա խոսքով, շատ թանկ գին է վճարում եվրոպական իդեալների համար:

«Հազարավոր մարդիկ են զոհվել, երկու հեղափոխություն, մեկ պատերազմ և հինգ օր լայնածավալ ներխուժում: Մենք մեր երեխաներին կենդանի տեսնելու ցանկություն ունենք, կարծում եմ՝ դա արդարացի է։ Մենք պայքարում ենք գոյատևման համար։ Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մենք ճիշտ այնպիսին ենք, ինչ դուք: Այսպիսով, ապացուցե՛ք, որ դուք մեզ հետ եք: Ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք, և այդ դեպքում կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը կհաղթի խավարին»,-ասել է նա:

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, իր հերթին, ասել է, որ Եվրախորհրդարանը ճանաչում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։

«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարը: Մենք ողջունում ենք, պարոն նախագահ, Ուկրաինայի հայտը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և կաշխատենք հասնել այդ նպատակին: Մենք պետք է միասին նայենք ապագային», – ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։

Նա ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել է ԵՄ խորհուրդը նախագահող Ֆրանսիայի ԵՄ մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին։

«Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել եմ ԵՄ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։ Հայտը գրանցվել է։ Քննարկման ընթացակարգը սկսվել է»,- գրում է նա։

Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել Ուկրաինային անդամակցության հեռանկար տրամադրել, իսկ Սլովակիան առաջարկել է ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հատուկ ընթացակարգ։

Տեսանյութեր

Լրահոս