«Այսօր մենք ևս կարող ենք արժանանալ այդ բախտին, եթե Թուրքիայի հետ գնանք հարաբերությունների կարգավորման». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ուկրանիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը դժվար թե հայ-ադրբեջանական սահմանում դիմի ռազմական գործողությունների։

«Այս պահին դժվար թե որևէ լայնածավալ ռազմական գործողություն լինի, որովհետև մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելը,  Ռուսաստանը, ըստ էության, Ալիևին պարտադրել է կամ նրանից ստացել է երաշխիքներ, որ Հարավային Կովկասում անկայունություն չի հրահրի։ Բոլորին էլ հայտնի է, որ այսօր Հարավային Կովկասում անկայունություն հրահրողը լինելու է միայն Ադրբեջանը։ Թեև մեծամասշտաբ ռազմական գործողությունները մեր սահմանին բացառում եմ, բայց այդուհանդերձ, եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները երկարեն, մոտավորապես 10-օրյա ժամկետն անցնի, ապա չի բացառվում, որ Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ սկսի սադրանքներ իրականացնել և սկսի ոչ թե լայնածավալ գործողություններ, այլ տեղային  ու դեսանտային որևէ գործողություն»,- 168.amի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, դժվար է ասել, թե Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները որքան կտևեն, և ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան։

«Եթե Ուկրաինան, ի վերջո, ստորագրի, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ կամ չեզոքության փաստաթուղթ, կարծում եմ՝ Ռուսաստանը հակամարտությունը կհամարի փակված, և դրանով իսկ Հարավային Կովկասում հարաբերությունները որոշակիորեն կլարվեն, որովհետև կակտիվանա հակամարտությունը, որը չի լուծվել 44-օրյա պատերազմի ժամանակ»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Թե ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ցուցաբերի՝ բախումների մեջ չհայտնվելու համար, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանին առհասարակ պետք չէ որևէ կերպ խառնվել այս իրադարձություններին և գնալ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։

«Այն վեկտորը, որը կա, առայժմ պետք է պահպանվի, որովհետև վտանգավոր է, այստեղ տարբեր տեսակի ռիսկեր եմ տեսնում, իսկ Հայաստանն այսօր այդ ռիսկերին պատրաստ չէ։ Տվյալ պարագայում Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ (հատկապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններում) պետք է բավականին զգոն լինի, որովհետև գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ հետխորհրդային բոլոր այն երկրները, որոնք Թուրքիայի հետ գնացել են հարաբերությունների կարգավորման և լավ հարաբերությունների հաստատման, արժանացել են պատերազմի և տարածքների կորուստների։ Այսօր մենք ևս կարող ենք արժանանալ այդ բախտին, եթե Թուրքիայի հետ գնանք հարաբերությունների կարգավորման և բարիդրացիական բուռն հարաբերությունների մեջ մտնենք»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ տվյալ պահին Հայաստանի հարաբերությունները բարելավում կամ կառուցվում են բացառապես Ռուսաստանի հետ, Հայաստանին, ցավոք, չեն թողել այլընտրանք, և միակ պատուհանը Ռուսաստանն է։

«Ասում եմ՝ ցավոք, որովհետև պետություններն առհասարակ այնպես պետք է վարեն իրենց արտաքին քաղաքականությունը, որ իրենք կարողանան ազատ հարաբերվել միջազգային հարթություններում, մենք կարող ենք նման հարաբերություններ հաստատել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և այլ երկրների հետ։ Բայց այսօր մեզ տեղ չեն թողել, և մեր պատուհանը մնացել է Ռուսաստանը»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Հարցին՝ Ռուսաստանն Ադրբեջանից երաշխիքներ ստանալու համար ի՞նչ գին պետք է վճարի, արդյո՞ք դա վերաբերելու է Հայաստանին, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե հայ-ադրբեջանական սահմանին որևէ գործողություն չսկսելու գինը վճարելու է Հայաստանը։

«Սա գին չունի, սա պարտքերի մարում է, պարտքերի մարման մի էտապն է, այսինքն՝ Ադրբեջանը պարտք է Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է մյուս պարտքերի մարմանը, ապա դա տեղի կունենա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանի ամբողջ հայացքն ուղղի Հարավային Կովկաս, որտեղ գոնե որոշակի ժամանակահատվածում խաղաղություն կսահմանի»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս