Բացասական հետևանքները նվազագույնի հասցնող օպերատիվ հարցերը ԵԱՏՄ-ի օրակարգում են. Փաշինյան
Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա, և այդ համատեքստում շատ կարևոր է քննարկել, թե ինչ օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որ այդ բացասական հետևանքները լինեն նվազագույնը կամ, եթե հնարավոր է, դրանք շրջանցվեն: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի արդյունքները ԵԱՏՄ-ի համար դրական են եղել: Ճիշտ է, 2021 թվականը, ընդհանուր առմամբ, ևս ճգնաժամային էր, սակայն առևտրաշրջանառության ծավալը ԵԱՏՄ-ի ներսում աճել է, և դա դրական ազդակ է բոլորիս համար: Շատ կարևոր է նշել, որ կա ներուժ ընդլայնելու ԵԱՏՄ տարածաշրջանը, կան դիտորդ երկրներ, որոնց հետ մենք արդյունավետ համագործակցում ենք, դրանից բացի կա հետաքրքրություն այլ երկրների կողմից: Դա նույնպես դրական գործընթաց է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ կհաջողվի վարել այնպիսի քաղաքականություն, որ ընթացիկ իրավիճակում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի դրական ազդակներ տալ անդամ երկրների տնտեսության զարգացման համար: