Քեյթ Միդլթոնը թույլ է տվել, որ իրեն նկարեն
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը, այցելել է Ազգային դիմանկարների պատկերասրահ, որտեղ ներկայացվել է նրա առաջին պաշտոնական դիմանկարը: Այդ գլուխգործոցի հեղինակը նկարիչ Փոլ Էմսլին է:
Սովորաբար, բրիտանական արքունիքի անդամները մեծ բծախնդրությամբ են վերաբերվում իրենց ընտանիքի իմիջին՝ ավելորդ աղմուկից և բամբասանքներից խուսափելու նպատակով: Օրինակ, թագուհին նույնիսկ հեղինակավոր ամսագրերին արգելել էր ֆոտոշարք անել Քեմբրիջյան դքսուհու մասնակցությամբ կամ նրան լուսանկարել առօրյա, ոչ պաշտոնական միջավայրում: Այնուամենայնիվ, նկարիչ Էմսլիին հաջողվեց թույլտվություն ստանալ՝ նկարելու մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկի դիմանկարը:
Քեյթն ու արքայազն Ուիլյամն անձամբ ներկայացել էին դիմանկարի պաշտոնական ցուցադրմանը: «Կարծում եմ, հիանալի դիմանկար է»,- ասել է դքսուհին:
Զբաղվածության պատճառով Միդլթոնը չի բնորդել դիմանկարչին: Վերջինս ստեղծագործել է՝ հիմնվելով Քեյթի լուսանկարների վրա: Աշխատանքը տևել է մոտ 3 ամիս: «Ես փորձել եմ արտահայտել իրական Քեյթ Միդլթոնին, այլ ոչ թե նրա պաշտոնական կերպարը: Փորձել եմ փոխանցել նրա բնական ջերմությունն ու հանգստությունը»,- ասել է Էմսլին: