Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. ընկերների համար, ընկերության մասին
Ընկերները մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից են: Նրանք դառնում են ամենահարազատ հոգիները, նրանք դառնում են ընտանիք, որը մենք ընտրում ենք: Եվ ամենազոր կինեմատոգրաֆը չէր կարող անտարբեր մնալ ընկերության թեմայի նկատմամբ: Հանգստյան օրերի համար ներկայացնում ենք կինոնկարներ, որոնք լավագույնս արտահայտում են ընկերության կարևորությունը և ցույց են տալիս այդ ամուր կապի ամենախորը շերտերը:
«Ընկերներ»
Ընկերության մասին կինեմատոգրաֆի ստեղծած լավագույն արտադրանքը «Ընկերներ» սերիալն է: Տասը եթերաշրջանների ընթացքում կբացահայտեք Նյու Յորքում բնակվող վեց ընկերների կյանքը, նրանց անձնական և գործնական հարաբերությունները կստիպեն ապրել նույն հույզերը:
«Տղամարդիկ»
Հայկական մելոդրամա սիրո և ընկերության մասին: Չորս ընկեր՝ Վազգենը, Սաքոն, Արամը և Սուրենը, Երևանում տաքսու վարորդներ են։ Արամը՝ նրանցից ամենաերիտասարդը, անհույս սիրահարվում է օրիորդ Կարինեին։ Վերջինիս օգնելու ցանկությունը չորս տղամարդկանց մեջ էլ ավելի է ամրապնդում ընկերությունը:
«Քնածները»
Ընկերության մասին բոլոր պատմությունները չէ, որ լուսավոր են: 1996 թվականին Բարի Լևինսոնի կողմից նկարահանված ֆիլմը դրամատիկ պատում ունի: Տղաները, որոնց կյանքը լուսավոր մանկությունից պետք է վերածվեր դաժան իրականության, կարողանում են ամենաողբերգական պայմաններում պահպանել իրենց ընկերությունը:
«Մի անգամ Ամերիկայում»
Ընկերության մասին, թերևս, ամենադասական ֆիլմը: Սերջիո Լեոնեի գանգստերական ֆիլմը, որը նկարահանվել է 1984 թվականին ընկերության մասին է, որը սկսվում է 20-րդ դարի սկզբներին Նյու Յորքի հրեական թաղամասում և ունենում է ողբերգական ավարտ:
«Էնը Կանաչ կտուրներից»
1980-ականների ամենապոպուլյար հեռուստասերիալներից մեկը պատմում է կարմրահեր Էնի մասին, ում ընկերությունը Դիանա Բարրիի հետ այն է, ինչի կարիքն ունի յուրաքանյչուր աղջիկ: Ընկերուհիները մշտապես միասին են, մեկը մյուսին աջակցում են ցանկացած հարցում և, որ ամենակարևորն է, գիտեն՝ ինչպես զվարճանալ:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան