ԲԴԽ-ն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից. քրեաիրավական գնահատական կտրվի՞
Երբ հակակոռուպցիոն գործերով դատավորի մրցույթի հավակնորդը հարցաշարում հայտնաբերում է որդեգրման վերաբերյալ հարցեր, իսկ ԲԴԽ-ն թույլ չի տալիս բողոքարկել, ի՞նչ է ասում Քրեական օրենսգիրքը
Մինչ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մեծ ջանասիրությամբ դատավոր կալանավորելու թույլտվություն է տալիս՝ վերջինիս ըստ էության մեղադրելով ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ, ինքը չի խորշում մասնավորապես սահմանադրական օրենքի կոպտագույն խախտմամբ լիազորություններն անցնելուց։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով ու փաստերով:
Այսպես՝ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 2022թ. հունվարի 10-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքները հրապարակվել են 12.01.2022թ.:
Հրապարակած արդյունքներից պարզ է դառնում, որ 2-րդ ամենաբարձր հանրագումարային միավորը եղել է 60, և այն ստացել է գլխավոր դատախազության վարչության դատախազներից Աղավնի Մադոյանը, բայց տարօրինակ կերպով վերջնական ամփոփման մեջ վերջինիս անունը չի եղել:
Հավակնորդը, 168.am-ի տվյալներով, ունենալով բավականին հիմնավոր պատճառներ, բնականաբար, ցանկացել է բողոքարկել գրավոր քննության արդյունքները: Ստացած միավորներն ինքնին խոսում են հավակնորդի բարձր մասնագիտական պատրաստվածության մասին։
Բողոքի էությունը և դրա իրավական հիմնավորումները
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 103-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական, վարչական կամ հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք, բացի տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված են նաև հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը:
Նույն հոդվածի 3.1. կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքներ մշակելիս կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հիմնահարցերը ներառվում են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի, իսկ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում:
ԲԴԽ-98-Ո-281 որոշմամբ սահմանվել է, որ քննական առաջադրանքները կազմված են լինելու առանձին 2 թեստային առաջադրանքներից՝ նյութական և դատավարական իրավունքի՝յուրաքանչյուրի համար սահմանելով անցողիկ շեմ։
«Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննական հարցերի մշակման կարգ»-ի (Հավելված 2) 1.2. կետի համաձայն՝ ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպութունը հակակոռուպցիոն մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքներ մշակելիս /…/ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը պետք է ներառի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում:
Հաշվի առնելով այն, որ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությունը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պարունակում են դատավարական հատուկ կանոններ, ուստի ինքնին պարզ է, որ վերը նշված պահանջը պետք է պահպանվեր թե՛ նյութական իրավունքի, թե՛ դատավարական իրավունքի թեստային առաջադրանքներում։
Տեղին է նշել, որ որակավորման գրավոր քննության անցկացման ընթացքում տեսական իրավական գիտելիքների, հավակնորդի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգումը ըստ ոլորտների՝ քրեական, քաղաքացիական, վարչական կամ հակակոռուպցիոն մասնագիտացման գրավոր առաջադրանքների միջոցով ստուգելու անհրաժեշտության վերաբերյալ օրենսդրի կամքն ինքնանպատակ չէ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանի դատավորի համար կազմակերպվող մրցույթում օրենսդիրը առաջնահերթ անհրաժեշտ է համարել պարզել հավակնորդի՝ տվյալ ոլորտում ունեցած գիտելիքներն ու հմտությունները:
Այդ նպատակի իրագործման համար օրենսդիրը հատուկ ամրագրել է դրույթ, համաձայն որի՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը պետք է ընդգրկվեն հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում /Դատական օրենսգրքի 103-րդ հոդվածի 3.1 կետ/:
Մինչդեռ, կազմակերպված մրցույթի քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի դատավարական իրավունքի թեստը չի համապատասխանել Դատական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետին, ԲԴԽ-98-Ո-281 որոշման «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննական հարցերի մշակման կարգ»-ի (Հավելված 2) 1.2. կետին:
Ավելորդ չէ նշել, որ պետությունը՝ չնայած ֆինանսական դժվարություններին, այնուամենայնիվ այնքան լուրջ է վերաբերվել պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերի քննությանը, որ ստեղծել է նշված գործերը քննող մասնագիտացված առանձին դատարան, ավելին, օրենքով իմպերատիվ պահանջ է սահմանել առ այն, որ նշված դատարանի ձևավորման մրցույթի առաջադրանքներում պարտադիր ներառվեն կոնկրետ վարույթին վերաբերելի հիմնահարցերը։
Ակնհայտ է, որ քննական առաջադրանքները պետք է բխեին օրենքի և ԲԴԽ որոշմամբ սահմանված կարգից և վերաբերեին ստեղծվող դատարանի գործառույթներին՝ համապատասխան նյութական և դատավարական հիմնախնդիրներին։
Այս համատեքստում ՀՀ բարձրագույն խորհուրդը չէր կարող անտեսել և չապահովել օրենսդրի կոնկրետ պահանջի պատշաճ կատարումը և չերաշխավորել ձևավորվող նոր դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծումը։
«Քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի դատավարական իրավունքի թեստի 30 հարցերից և ոչ մեկը չի հանդիսացել պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող դատավարական հիմնահարց, ինչն ուղղակիորեն հակասում է սահմանված պահանջին: 30 հարցից 13 հարցը առնվազն առաջնային կարգով չէր կարող ներառվել թեստային առաջադրանքում այն պատճառով, որ դուրս էր հակակոռուպցիոն մասնագիտական դատարանի լիազորության սահմաններից, հետևաբար՝ նշված հարցերով որևէ կերպ չէր կարող բացահայտվել մասնագիտացված դատարանի դատավորի համար կազմակերպվող մրցույթում հավակնորդի՝ տվյալ ոլորտում ունեցած գիտելիքներն ու հմտությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության վարչության դատախազ, վերոբերյալ մրցույթի մասնակից, 2-րդ ամենաբարձր միավորները հավաքած Աղավնի Մադոյանը:
Վերջինիս խնդրեցինք բերել մեկ օրինակ՝ պատկերացնելու համար հարցի էությունը:
«Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ ի՞նչ փաստաթուղթ պարտադիր չէ կցել որդեգրման դիմումին
Ա) հոգաբարձության տակ գտնվող երեխայի հոգաբարձուի գրավոր համաձայնությունը
Բ) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք
Գ) այնպիսի եկամտի վերաբերյալ տեղեկանք, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները
Դ) որդեգրել ցանկացող անձի ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը ամուսնության մեջ է»,- հարցերից մեկը թվարկեց Աղավնի Մադոյանը՝ տարակուսելով՝ սա ինչ կապ ունի հակակոռուպցիոն քաղաքացիական վարույթների հետ:
«Սա զավեշտ է, այստեղ որևէ տրամաբանություն չկա: Եթե այս հարցերի կողքին գոնե 1 հարցը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ու պետշահերի դատավարական հիմնահարցերից լիներ, թերևս չառարկեի, բայց չներառել մասնագիտական ոչ մի հիմնահարց, փոխարենը սա ներառել թեստային առաջադրանքում, իրականում անընդունելի է»,- ասաց մրցույթի մասնակիցը՝ հավելելով, որ իր առարկությունները՝ թեստային առաջադրանքում ներառված հարցերի հետ կապված, սրանով չեն սահմանափակվել, առկա էին հարցեր, որոնք ձևակերպված էին անհստակ և որոշակիության պայմաններին բավարարող ճիշտ պատասխան չէին պարունակում։
Բողոքի ճակատագիրը
Բնականաբար, նշվածը հաշվի առնելով, Աղավնի Մադոյանը ցանկացել է բողոքարկել մրցույթի արդյունքները, հասկանալ՝ ի վերջո, ինչո՞ւ են հարցաշարում ընդգրկված եղել հարցեր ու թեմաներ, որոնք դուրս են մասնագիտական դատարանի գործառույթներից, ինչպես նաև առանձին մի քանի հարցեր վիճարկել է անհստակության հիմքով։
Սակայն պարզվել է, որ ըստ ԲԴԽ-ի, հավակնորդը ժամկետ է բաց թողել ու չի կարող բողոքարկել մրցույթի արդյունքները:
«Բողոքարկման ժամկետի բացթողնման հետ կապված կարող եմ նշել հետևյալը, հունվարի 17-ին ստացել եմ պատվաստման 2-րդ դեղաչափը, որից հետո առողջական խնդիր էր առաջացել, ու քանի որ հստակ գիտեի՝ օրենքով բողոքարկման ժամկետը 15 օր է, մտածեցի՝ մի քանի օր կարող եմ հետաձգել բողոքարկումս։ Հարկ եմ համարում նշել, որ յուրաքանչյուր իրավաբանի համար պարզ է, որ նորմատիվ իրավական ակտը չի կարող հակասել հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, և քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը բողոքարկման հստակ ժամկետ է սահմանել, ես կարիք չունեի այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտում բողոքարկման ժամկետ փնտրելու»,- ասաց հավակնորդը:
Վերջինիս զարմանքը մեծ է եղել, երբ հունվարի 19-ին տեսել է, որ հրապարակվել է բողոք ներկայացրած հավակնորդների անունները, ինչից պարզ է դարձել, որ բողոքարկման ժամկետն օրենքից տարբերվող է եղել:
«Արդյունքում՝ պարզվեց, որ չսպասելով Դատական օրենսգրքով իմպերատիվ սահմանված բողոքարկման ժամկետի ավարտին՝ բողոքարկման հանձնաժողովը քննարկել է մինչև 18.01.2022թ. ներկայացված բողոքները և հրապարակել վերջնական արդյունքները։ Գուցե նման որոշումն ինչ-որ առումով իրավաչափ նպատակ է հետապնդել այնքանով, որքանով ԲԴԽ-ն ցանկացել է առավել սեղմ ժամկետներում կազմակերպել մրցույթը, սակայն, դժվարանում եմ նույնիսկ այդ փաստարկով արդարացնել նշված գործողությունը, ամեն դեպքում անթույլատրելի էր հավակնորդի համար անբարենպաստ հետևանքների առաջացումը»,- ասաց Աղավնի Մադոյանը:
Հարցին՝ արդյո՞ք նշված խնդիրների վերաբերյալ ինքը դիմել է ԲԴԽ-ին, Աղավնի Մադոյանն ասաց. «Խնդիրների վերաբերյալ դիմել եմ ԲԴԽ-ին, դեռ պատասխան չեմ ստացել, չբացառենք, որ հնարավոր է՝ կամք ունենան ու շտկեն իրավիճակը, հակառակ դեպքում այս կերպ կազմակերպած մրցույթի արդյունքում ձևավորված դատարանի օրինականությունը առնվազն կասկածի տակ կդրվի»,- եզրափակելով խոսքը՝ Ա.Մադոյանը տրամադրեց իր կողմից ներկայացված դիմումների, բողոքների հիմնավորումները, որպեսզի ինքներս կարողանանք գնահատել։
Ի՞նչ է ասում օրենքը, և ո՞ր հարցերի պատասխաններն էինք ցանկանում ստանալ ԲԴԽ-ից:
1.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդվածը սահմանում է. «1. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
ԲԴԽ-98-Ո-280 որոշմամբ Որակավորման գրավոր քննության քաղաքացիական և քրեական մասնագիտացման արդյունքների բողոքարկման ժամկետ՝ մինչև 17․01․2022թ․ և 18․01․2022թ․, որի դիմաց որպես ժամկետի իրավական հիմք՝ նշել եք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդված։
Խնդրում ենք նշել՝ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 2022 թվականի հունվարի 10-ին անցկացված որակավորման գրավոր քննության բողոքարկման «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1 հոդվածով սահմանված ժամկետը ինչի՞ հիման վրա է ԲԴԽ-ն որոշել սեփական հայեցողությամբ կրճատել։
2. Համապատասխան մասնագիտացմամբ բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է տվյալ մասնագիտացմամբ քննության արդյունքների դեմ առաջին բողոքն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, երկու դատավորի և մեկ իրավաբան գիտնականի կազմով, որոնք վիճակահանությամբ ընտրվում են Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված տվյալ մասնագիտացման հինգ և Լիազոր մարմնի կողմից առաջարկված իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն երեք իրավաբան գիտնականի թեկնածուների կազմից՝ նրանց համաձայնությամբ: Գնահատման հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել բողոքարկման հանձնաժողովի կազմում:
Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, հանձնաժողովի աշխատանքն իրականացնելու կարգի, հանձնաժողովի անդամների վարձատրության, նրանց լիազորությունների դադարեցման, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության դադարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով, իսկ բողոքարկման արդյունքների վերանայման նկատմամբ՝ 105-րդ հոդվածով սահմանված դրույթները:
Բողոքարկման հանձնաժողովը բողոքը քննում և դրա վերաբերյալ կայացնում է որոշում բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Բողոքարկման հանձնաժողովը կարող է քննության արդյունքների դեմ բերված բողոքը մերժել կամ բավարարել՝ մասնակի կամ ամբողջությամբ:
Գրավոր քննության արդյունքները դատական կարգով կարող են բողոքարկվել ընթացակարգային խախտումների հիմքով, եթե դրանք բողոքարկվել են բողոքարկման հանձնաժողով»։
Խնդրում եմ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդվածում ցույց տալ այն դրույթը, որով ԲԴԽ-ն գրավոր քննության արդյունքները բողոքարկելու ժամկետ սահմանելու լիազորություն ունի։
3. Քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնի գրավոր քննության արդյունքներից պարզ է դառնում, որ 12 հավակնորդներից ընդամենը 2-ն են հաղթահարել դատավարական իրավունքի թեստային առաջադրանքի համար սահմանված նվազագույն շեմը, իսկ բողոքարկման արդյունքում ևս 2 հավակնորդ է հաղթահարել նշված շեմը։
Արդյո՞ք կան հավակնորդներ, ովքեր բողոքարկման իրավունքը իրացրել են ԲԴԽ-98-Ո-280 որոշմամբ սահմանված ժամկետից հետո, սակայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդվածով սահմանված ժամկետում։ Եթե՝ այո, խնդրում ենք նշել՝ արդյո՞ք այդ հավակնորդներին հնարավորություն է ընձեռվել իրացնելու բողոքարկման իրենց իրավունքը, թե՞ ոչ։
4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթը մասնագիտացված դատարանի կազմավորման նպատակով է անցկացվել, օրենքով և ԲԴԽ որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ գրավոր առաջադրանքներում պետք է ներառվեին քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող հիմնահարցերը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համար կազմվող գրավոր առաջադրանքներում, ուստի դատավարական իրավունքի թեստային առաջադրանքի օրենքին և ԲԴԽ-որոշմանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով խնդրում ենք տրամադրել Քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնի գրավոր քննության դատավարական իրավունքի թեստային առաջադրանքները:
Գագիկ Ջհանգիրյանի կողմից ստորագրված ԲԴԽ պատասխանը ներկայացնում ենք ստորև՝
ԲԴԽ-ում միգուցե մտածում են, որ այս երկրում իրավաբանությունն իսպառ վերացել է, և ոչ ոք ոչինչ չի հասկանում, միայն թե պետք է հիասթափեցնենք Խորհրդին. Օրենքն այնուամենայնիվ, թույլ չի տալիս սեփական հայեցողությամբ որոշումներ ընդունել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքով՝ Դատական օրենսգրքի 105.1 հոդվածը փոփոխության կամ լրացման չի ենթարկվել, բողոքարկման ժամկետը կրճատելու մասին դրույթ չի ավելացել, ինչպես նաև սահմանված բողոքարկման ժամկետը փոփոխելու լիազորությամբ չի օժտել Խորհրդին։
Բարձրագույն դատական խորհուրդը չուներ հավակնորդի կողմից բողոքարկման իրավունքն իրացնելու ժամետը որոշելու լիազորություն: Դա իմպերատիվ կերպով կարգավորված է օրենքով, այդ դրույթը փոփոխման չի ենթարկվել, և որևէ մարմնի վերապահված չէ հավակնորդի տվյալ իրավունքի իրացումը սահմանափակելու, երկարացնելու կամ առհասարակ որևէ փոփոխության ենթարկելու։ Այդ ժամկետը որոշել է օրենսդիրը, և դրա վերաբերյալ Խորհուրդը որևէ լիազորությամբ օժտված չէ։ Մինչդեռ, Խորհուրդը կատարել է իր լիազորությունները գերազանցող գործողություն, այն է՝ չունենալով Դատական օրենսգրքով իրեն վերապահված լիազորություն, ԲԴԽ-98-Ո-280 որոշմամբ սահմանել է գրավոր արդյունքների բողոքարկման կրճատ ժամկետ։ Ավելին, ԲԴԽ-98-Ո-280 որոշման 11-րդ կետով սահմանելով որակավորման գրավոր քննության քաղաքացիական և քրեական մասնագիտացման արդյունքների բողոքարկման ժամկետ՝ մինչև 17․01․2022թ․ և 18․01․2022թ․, որպես ժամկետի սահմանման իրավական հիմք՝ որոշման մեջ նշվել է Դատական օրենսգրքի 105.1-րդ հոդվածը։ Մինչդեռ, վկայակոչած նորմով առանց վերապահման իմպերատիվ սահմանված է այլ ժամկետ։
Եվ վերջում՝
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը
պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին է:
Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին:
Այնպես որ, քրեադատավարական որևէ նորմ չխախտած դատավորին իր կայացրած դատական ակտի համար ափալ-թափալ կալանավորման թույլտվություն տալու փոխարեն՝ ԲԴԽ-ն լավ կանի՝ նաև այս մասին մտածի: