ՀՀ քաղաքացին տուգանվել է Փաշինյանին վիրավորելու համար. OC Media
Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացին մեղավոր է ճանաչվել․ սա առաջին դատավճիռն է վերջերս ընդունված՝ «ծանր վիրավորանքների» մասին օրենքով։ Այս մասին տեղեկացնում է OC Media-ն։ Հրապարակման համաձայն, անձը տուգանվել է 500.000 դրամի չափով։
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, այս օրենքով սահմանված կարգով հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, մինչ այժմ մեղադրանք է առաջադրվել 31 անձի, 7 մարդ այս պահին դատական գործընթացի մեջ է։
Լրատվամիջոցն արձանագրում է նաև, որ օրենքը լայնորեն դատապարտվել է հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
«Այս օրենսդրության կիրարկումը, որը միայն մինչև 2022 թվականը հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, նշանակում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա և սառեցնող էֆեկտ է ստեղծում խոսքի ազատության համար»,- OC Media-ի հետ զրույցում ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ծրագրի համակարգող Անդրանիկ Շիրինյանը։
Շիրինյանը նաև կոչ է արել խորհրդարանին չեղյալ համարել այս օրենքը, որն այդքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, երկրի ԵԱՀԿ պարտավորությունները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին ՀՀ-ն միացել է։