«Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են խոշորացված համայնք, որևէ այլընտրանքային լուծում չի քննարկվում»․ ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնք դեմ են համայնքների խոշորացմանը և Սևան համայնքի կազմում ընդգրկվելուն և այդ պատճառով չէին մասնակցել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, հույսով սպասում են, որ Կառավարությունից որևէ արձագանք կլինի, և իրենց գյուղերը չեն ընդգրկվի Սևան խոշորացված համայնքի կազմում։
Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը 2 շաբաթ առաջ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ հայտնել էր, թե Կառավարությունից հայտնել են, որ տարբերակ են փնտրում, որպեսզի կարողանան օրենքի սահմաններում հարցին լուծում տալ։
168.am-ն այսօր կրկին կապ հաստատեց Վահրամ Գևորգյանի հետ, հետաքրքրվեցինք՝ արդյոք Կառավարությունից որևէ արձագանք եղե՞լ է Ծովագյուղը և Սեմյոնովկա գյուղերը Սևան համայնքի կազմում չընդգրկելու՝ բնակիչների պահանջի վերաբերյալ։
«Այս պահին Կառավարության տարբեր ներկայացուցիչներ քննարկման մեջ են․․․ Սպասում ենք, հուսով ենք, որ ժողովրդի խոսքը, ժողովրդի կամքը հաշվի կառնեն ու ճիշտ որոշում կկայացնեն, եթե չանեն, թող ժողովուրդը որոշի․․․»։
Ճշտող հարցին՝ Կառավարության տարբեր ներկայացուցիչներն ովքե՞ր են, արդյոք ՏԿԵ նախարար, Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը և՞ս մասնակցում է այդ քննարկմանը, Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատարը պատասխանեց․
«Իհարկե, ո՞նց կարող է չլինի»։
168.am-ը կապ հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակի հետ։ Հարցին՝ արդյոք նման քննարկումներ ընթանո՞ւմ են, նա պատասխանեց․
«Ես խոսեցի նախարարի հետ, որևէ այլընտրանքային լուծում իրենց համար չի քննարկվում։ Վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են խոշորացված համայնք, ներառված են Սևան խոշորացված համայնքում, և որևէ այլընտրանքային լուծում, տարբերակ չի քննարկվում»։
Դիտարկմանը, որ Ծովագյուղում համայնքապետարանի որևէ աշխատակից չի գնում աշխատանքի, փաստացի ճգնաժամ է այնտեղ, ՏԿԵ նախարարի խոսնակն ասաց․
«Մենք ընդունում ենք, որ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել, բարդ իրավիճակ է, բայց համայնքը խոշորացված է, Սևան համայնքը պետք է փորձի լուծման տարբերակներ գտնել և համայնքի բնականոն գործունեությունն ապահովի»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։
168.am-ը հունվարի 21-ին գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղացիները, որ դեմ էին Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն և չէին մասնակցել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, Կառավարությանը ժամանակ են տվել վերանայելու խոշորացման մասին որոշումը, այլապես ճանապարհ կփակեն: