2018 թվականից 4 տարի է անցել, թալանը, որի մասին խոսվել է տարիներ շարունակ՝ այդպես էլ չտեսանք. ո՞ւր է այդ թալանը. Զարուհի Փոստանջյան
«Ես անհամբեր սպասում էի, թե Փաշինյանի ընտանիքի անդամներն այն անձին, ով իր մարմնով և իր կյանքով փրկել էր Աշոտին՝ խրամատում, վերջիվերջո ինչպիսի մոտեցում է ցուցաբերելու: Սպասում էի տեսնել, թե վերջիվերջո ո՞վ է Աշոտին փրկող զինվորը, ում տուն պետք է այցելեին կամ ինչ-որ մի ձև ուղերձ հղեին: Հիշատակում եմ այս մասին, որովհետև հասկանում եմ՝ դա սուտ էր, կեղծիք էր»,- «Հայելի» ակումբում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց՝ որպես կայացած պետական ինստիտուտ՝ համարել է ՀՀ Զինված ուժերը: Հույս հայտնեց, որ ֆինանսական, բարոյական միջոցներ կներդրվեն ԶՈՒ համար:
«Ընդհանրապես, եթե դու չես կերակրելու քո բանակը, եթե քո երեխան չի ծառայելու քո ազգային Զինված ուժերում, ապա պատրաստ եղիր, որ պետք է կերակրես օտար բանակները, լինելու է ոտնձգություն՝ օտարների, առավել ևս՝ թշնամի թուրքերի կողմից: 2018թ.-ից 4 տարի է անցել, թալանը, որի մասին խոսվել է տարիներ շարունակ՝այդպես էլ չտեսանք. ո՞ւր է այդ թալանը: Այդպես էլ ոչ մի քրեական գործ իր տրամաբանական ավարտով՝ այսինքն, թալանի վերադարձով, այդպես էլ չտեսանք»,- հավելեց նա:
Բանախոսը խոսեց նաև որպես ՀՀ նախագահի թեկնածու շրջանառվող անունների մասին՝ նշելով. «Անուններ որ հրապարակվել են, մի քանի հարյուր անգամ զիջում են մի երիտասարդի, ով բավականին ակտիվ է այսօր ԱԺ-ում. մի կլորիկ-թմբլիկ երիտասարդ կա. միգուցե ճիշտ կլիներ՝ նրան առաջարկեին: Ես կողմ եմ Վահագն Ալեքսանյանին: Գիտեք, Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, և միգուցե դասերը լավ չի սովորել, որ Տեր-Պետրոսյանը ցանկանում է աջակցել իր կադրերով: Իսկ ընդհանուր առմամբ շատ մեծ տարբերություն չկա Տեր-Պետրոսյանի քաղաքականության և այսօր իրականացվող քաղաքականության միջև. նա էլ էր կողմ Արցախը վիճելի տարածք թողնելուն, հայապատկան հողերից դուրս գալուն, թուրքերի հետ ընկերությանը, եղբայրությանը, խաղաղությանը»: