«Փաշինյանը նման բովանդակությամբ նամակ կարո՞ղ է ուղարկել Էրդողանին. փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ զիջումները չեն եղել». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք առհասարակ դեմ չեն եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն հարցն այն է, թե ի՞նչ գնով ու ինչի՞ հաշվին:
«Մենք գտնում ենք, որ այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու ՀՀ շահերը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա կասեմ հետևյալը՝ նախկինում բանակցություններ են եղել նաև Ադրբեջանի հետ, բայց մենք զիջումներ ու կորուստներ չենք ունեցել: Թուրքիան նույն Թուրքիան է, բայց պատերազմից հետո Հայաստանը նույն Հայաստանը չէ, հետևաբար՝ իրենք երկիրը տանում են նոր, վտանգավոր ցիկլի մեջ: Եթե առաջին դեպքում այդ բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի մեծ մասի կորուստ, այս պարագայում արդեն Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ 2007 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր գաղտնի բանակցում Թուրքիայի հետ, Իշխան Սաղաթելյանը նախ նկատեց՝ անկախ այն հանգամանքից, ՀՅԴ եղել է ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանության մաս է կազմել, իր տեսակետներում երբեք փոփոխություններ չի կատարել, քանի որ Դաշնակցությունը գաղափարախոսություն, ծրագրեր ու «կարմիր գծեր» ունեցող կուսակցություն է, ի տարբերություն ներկայիս իշխանության:
«Երբ մենք իմացել ենք այդ բանակցությունների մասին, մեր դիրքորոշումն արտահայտել ենք, մենք մշտապես եղել ենք նույն սկզբունքի տերը: Ինչ վերաբերում է այդ գաղտնի բանակցություններին, դրա մասին պարզ խոսվել է, նամակը նաև մամուլում հրապարակվել է: Նիկոլ Փաշինյանն այս պահին նման բովանդակությամբ նամակ կարող է ուղարկել Էրդողանին: Մենք 15 րոպեում որոշում ենք ընդունել, վայր ենք դրել բոլոր պաշտոնները և պայքարել ենք: Մենք դեմ ենք եղել, որովհետև այն, ինչ կատարվել է Քոչարյանի իշխանության տարիներին… մենք առհասարակ անցնող 30 տարվա մեջ ըմբռնումով ենք մոտեցել այդ քաղաքականությանը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու իմաստով: Սակայն որևէ զիջում, նախապայման մեր կողմից անհանդուրժելի է: Բայց այսօրվա իրողությունն ու իրավիճակը համեմատել այն ժամանակվա հետ՝ աբսուրդ է: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ զիջումները չեն եղել»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Շարունակելով միտքը՝ նա կարծիք հայտնեց, որ այդ նամակն այն ժամանակ պատմական քայլ է եղել, որի մեջ հստակ գրված է եղել, որ երկու պետությունների ներկան ու ապագան չեն կարող որոշել պատմաբանները, այլ պետք է որոշեն երկրները:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում