Դրանք պրոյեկտներ են, որոնք հարստանում են պետության հաշվին. Հրանտ Բագրատյանը՝ Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տալու մասին
Կառավարությունը հունվարի 13-ին «Դիլիջանի միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին որոշում է ընդունել, որով այդ դպրոցի գործունեությունն ապահովող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարքներն ու գործառնությունները կազատվեն հարկերից։
Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, սակայն, նմանատիպ արտոնություններ պետք է ստանան կա՛մ ոլորտում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, և այդ դեպքում դա այլևս չի համարվի արտոնություն, կա՛մ այդ արտոնություն ստացողի վերաբերյալ պետք է մրցույթ հայտարարվի:
«Այլապես ի՞նչ է ստացվում՝ «Դիլիջան միջազգային դպրոցին» արտոնություն տալիս ենք, բայց ինչո՞ւ, ասենք, «Քվանտ» դպրոցին, Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրին, Ֆիզմաթ, «Այբ» և այլ դպրոցներին կամ Երևանի պետական համալսարանին, Սլավոնական կամ Ամերիկյան, Ֆրանսիական և մյուս համալսարանններին չենք տալիս: Սա սխալ է: Օրինակ, եթե մենք այդ հայկական կրթական հիմնարկներին, օրինակ՝ համալսարանին, տանք հարկային այդ արտոնությունը, ապա նրանց մոտ ուսման վարձը կիջնի: Այնպես որ, երբ մենք հարկային արտոնություն ենք տալիս Դիլիջանի դպրոցին, ապա ստացվում է՝ մենք դրանով նեղում ենք հայկական հիմնարկներին, և սա ազնիվ չէ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ նախկին վարչապետը:
Հրանտ Բագրատյանը հավելեց, որ հայկական ինվեստորը չպետք է ստորադասվի դրսի ինվեստորից: Նա տեղեկացրեց, որ հենց այս պատճառաբանություններով պայմանավորված է նաև նախորդ գումարման ԱԺ-ում դեմ արտահայտվել Դիլիջանի միջազգային դպրոցին տրվող արտոնությունների առնչությամբ:
«Անհասկանալի է՝ ո՞ւմ ենք մենք արտոնությունը տալիս և ինչպե՞ս ենք տալիս: Իմ խորին համոզմամբ՝ եթե նույնիսկ որոշենք մրցույթով արտոնություն տալ, և ինչ-որ մեկը շահի, տվյալ դեպքում, ասենք, Դիլիջանի դպրոցը շահեր, այն պետք է հարկերը մուծի, հետո հետ վերադարձնենք, այլապես դա էռոզիայի է ենթարկում հարկային ողջ համակարգը: Սա շատ տարօրինակ է. մի կողմից՝ մենք խոսում ենք իբր բյուջեն պաշտպանելու մասին, մյուս կողմից՝ այս կարգի արտոնությունները՝ առանց մրցույթի, առանց պառլամենտի տրամադրվում են»,- ասաց նախկին վարչապետը՝ հիշեցնելով, որ Հայաստանի պատմության մեջ եղել է շրջան, երբ նման արտոնություններ տալիս էր միայն պառլամենտը:
Ամփոփելով խոսքը՝ Հրանտ Բագրատյանը նախ արձանագրեց, որ այս դրսևորումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, ապա նկատեց՝ արտոնություն ստացող պրոյեկտները չպետք է հարստանան պետության հաշվին.
«Ներդրողների տեսակն էլ պետք է քննարկվի. այս ի՞նչ ներդրողներ են, որոնք մի 50-60 միլիոն ներդնում են (չնայած Դիլիջանի մասով հայտարարել էին, որ 300 միլիոն են ներդնում՝ թեև 60 հազար քմ կառուցելու համար 300 միլիոն պետք չէր ներդնել), և ստանում են ավելի արտոնություն, քան պրոյեկտն է: Այսինքն՝ պրոյեկտի վրա կարող է ավելի քիչ ծախսվել, քան արտոնությունն է: Այդ դեպքում ստացվում է, որ սրանք պրոյեկտներ են, որոնք հարստանում են պետության հաշվին… Է, հեն ա, պետությունն ինքը հենց կաներ էլի էդ պրոյեկտները»:
Նշենք՝ «Դիլիջանի միջազգային դպրոց»-ի գործունեությունն ապահովում են «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» և «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամները, որոնց էլ տրվել են հարկային և մաքսային արտոնությունները։
«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուն և հիմնադիրը վերջերս քաղաքական իր հավակնությունների մասին բարձրաձայնած գործարար Ռուբեն Վարդանյանի կինն է՝ Վերոնիկա Զոնաբենդը, իսկ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի կառավարիչն Արթուր Դավթյանն է։
Դպրոցի ծրագրի իրականացման շրջանակներում այդ երկու կազմակերպություններն ազատվել են՝
- Հայաստանի տարածքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ավելացված արժեքի հարկից
- շահութահարկով հարկումից՝ եթե կազմակերպությունների զուտ շահույթը մինչև հարկումը կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում
- կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները՝ ոչ ռեզիդենտի շահութահարկից
- կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտները՝ եկամտային հարկով հարկումից։