
«Դիլիջանի միջազգային դպրոց»-ը հարկային և մաքսային արտոնություններ ստացավ

Կառավարությունը հունվարի 13-ին «Դիլիջանի միջազգային դպրոց»-ին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին որոշում է ընդունել, որով այդ դպրոցի գործունեությունն ապահովող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարքներն ու գործառնությունները կազատվեն հարկերից։
Նշենք, որ դպրոցի գործունեությունն ապահովում են «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» և «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամները, որոնց էլ տրվել են հարկային և մաքսային արտոնությունները։
«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուն և հիմնադիրը գործարար Ռուբեն Վարդանյանի կինն է՝ Վերոնիկա Զոնաբենդը, իսկ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի կառավարիչն Արթուր Դավթյանն է։
Դպրոցի ծրագրի իրականացման շրջանակներում այդ երկու կազմակերպություններն ազատվել են՝
- Հայաստանի տարածքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ավելացված արժեքի հարկից
- շահութահարկով հարկումից՝ եթե կազմակերպությունների զուտ շահույթը մինչև հարկումը կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում
- կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները՝ ոչ ռեզիդենտի շահութահարկից
- կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտները՝ եկամտային հարկով հարկումից։