ՀՀ իշխանությունները, որոնք կառավարվում են դրսից, ՌԴ-Արևմուտք ընտրությունում կողմնորոշվել են դեպի Թուրքիա. Դավիթ Շահնազարյան
«ՌԴ-Արևմուտք ընտրությունում ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Թուրքիա»,- այս մասին այսօր Sputnik Armenia մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, ներկայացնելով իր մտահոգություններ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Նա նշեց, որ անցյալ տարեվերջին իր ասուլիսով և դրան հաջորդած հրապարակումներով ՀՀ վարչապետն ըստ էության բացահայտեց իր բոլոր ծրագրերը, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը: Շահնազարյանը թվարկեց դրա երեք հիմնական խնդրահարույց ուղղությունները:
Բանախոսը մասնավորապես ասաց, որ մշտապես լինելով ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակիցը, լինելով առաջին պաշտոնական Հայաստան-Թուրքիա բանակցությունների մասնակիցն ու բանակցողը, բազմիցս ասել է, որ այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարբերությունների հաստատման և սահմանների բացման, մեծագույն սպառնալիք է Հայաստանի համար: Նրա խոսքով, իրավիճակը կտրականապես փոխվել է 44-օրյա պատերազմից հետո, պատերազմ, որը դեռևս չի ավարտվել:
Շահնազարյանի պնդմամբ, Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից, դրանք առաջ է քաշում, որոնք փաստացի ընդունվել են ՀՀ իշխանությունների կողմից:
«Երեք ավանդական նախապայմանները՝ Ղարսի պայմանագրի ճանաչում ՀՀ-ի կողմից, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ-ն ճանաչել որպես Ադրբեջանի անքակտելի մաս, և երրորդը՝ ընդհանրապես Ցեղասպանության հարցից հրաժարում: Հիմա ավելացել է նաև չորրորդ նախապայմանը՝ դա միջանցքներն են Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որոնք թուրանական միջանցքներ են: Այս ուղղությունը ՀՀ իշխանությունը արագորեն փորձելու է իրականացնել»,- նկատեց նա:
Երկրորդ ուղղությունը և երկրորդ վտանգն ու սպառնալիքը, Շահնազարյանի համոզմամբ, դա սահմանազատման խնդիրն է, որը ՀՀ իշխանսությունների կողմից արդեն հայտարարված է, որ երկար չի տևի, թեև դա երկարատև գործընթաց է միջազգային հարաբերություններում, և արդյունքում այն, ինչ ունենք այսօր, Գորիս-Կապան ճանապարհին՝ ադրբեջանական մաքսային կետեր, կունենանք նաև Երևան-Գորիս ճանապարհին՝ Տիգրանաշենում, նաև Հյուսիսում՝ Ոսկեպարի շրջանում, այն մայրուղու վրա, որը կապում է Հայաստանն Ադրբեջանին: «Սա փաստորեն արդեն հայտարարված է ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց նա:
Բանախոսը նաև հիշեցրեց, որ պատմության մեջ չի եղել դեպք, երբ դելիմիտացիա կատարվի այսպիսի պայմաններում: «Այսօր Ադրբեջանի հետ մենք ունենք ոչ թե սահման, այլ շփման գիծ՝ ռազմաճակատ, կատարվում է ռազմաճակատի դելիմիտացիա»,- նշեց Շահնազարյանը:
Երրորդ սպառնալիքը, նրա խոսքով, հաղորդակցության ուղիներն են, որի շուրջ ևս կարծես պայմանավորվել են:
«Հետաքրքիր է, որ ՀՀ իշխանությունները խոսում են տարածաշրջանում և Հայաստանի շուրջ բոլոր կոմունիկացիաների, այսինքն՝ փոխադրամիջոցների բացման մասին, բայց Ադրբեջանը դրանք փակում է, ամենավառ օրինակը դա մեր զարկերակի նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհն է: Այսինքն՝ գնում է հակառակ գործընթացը»,- պնդեց բանախոսը: Շարունակելով՝ Շահնազարյանը նաև ասաց, որ անկախ նրանից՝ այս երեք գործընթացները կհաջողվե՞ն, թե՞ ոչ, սրանք հետագայում հաջորդ իշխանությունը կարող է անմիջապես չեղյալ համարել, դրա համար ունենալով շատ ամուր հիմք՝ հանձինս միջազգային իրավունքի: «Բոլոր այս գործընթացները կատարվում են ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման ազդեցության տակ, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը, նաև ասելով, որ այդ փաստերը բազմաթիվ են:
Ամփոփելով իր միտքը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները, որոնք կառավարվում են դրսից, ՌԴ-Արևմուտք ընտրությունում կողմնորոշվել են դեպի Թուրքիա: «Այսօր փաստը նա է, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգներ են, իսկ ամենամեծ էքզիստենցիալ վտանգը Հայաստանի և հայության համար ՀՀ ներկայիս իշխանությունն է»,- նշեց Շահնազարյանը: