«Գործող իշխանությունները 2018թ. արդեն պայմանավորված են եղել Թուրքիայի հետ. 2022թ. մեզ համար շատ դժվար է լինելու». Իսակ Յունանեսյան

Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանի կարծիքով՝ 2020թ. արցախյան պատերազմից հետո Իրանը փոխեց իր քաղաքականությունը Կովկասի, և հատկապես՝ Հայաստանի հանդեպ:

«2021թ. սեպտեմբերին Իրանը զորք բերեց Նախիջևանի և Ադրբեջանի սահման, և կարծես փորձում էր շտկել պատերազմի ընթացքում իր պասիվությունը: Գուցե այս փուլում Իրանը կանխեց «Զանգեզուրի միջանցքը», որը, ինչպես խոսվում էր, որ պետք է Մեղրիով անցնի, բայց չեղարկվեց դա: Հետո մենք տեսանք, որ նոյեմբերի 16-ին Սիսիանի հատվածում հարձակում եղավ Ադրբեջանի կողմից. կարծես թե Մեղրիի միջանցքը Իրանի կողմից բերված ուժերի ճնշման տակ տեղափոխվեց դեպի Սիսիանի հատված: Դրանից հետո բավականին այցելություններ եղան Իրանի կողմից, տարբեր պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան, Իրանի դեսպանը Հայաստանում բավականին շատ հանդիպումներ ունեցավ Արմեն Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի հետ, եղան շատ հուսալի հայտարարություններ, բայց, դժբախտաբար, Հայաստանի իշխանությունները կարծես Իրանին հետ էին պահում կտրուկ քայլերից:

Իրանին պահում էին սիրուն խոսքերով, և 1-2 ամիս առաջ Իրանն իմացավ, որ ինքը համարյա խաղից դուրս է մնացել, և Հայաստանը պայմանավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նաև՝ ռուսների հետ, որ այդ միջանցքը, հավանաբար, 90 տոկոսով տեղի կունենա: Այդ ժամանակ էր, որ Իրանը հայտարարեց, որ այլընտրանքային ճանապարհ ունեն դեպի Եվրասիա, և այդ ճանապարհը գուցե անցնի Ադրբեջանի հողով: Դա Իրանի կողմից մեսիջ էր ՀՀ իշխանություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Իսակ Յունանեսյանի խոսքով՝ Իրան-Հայաստան հարաբերությունները 2021թ. խոսքից գործի չանցան ՀՀ իշխանությունների պատճառով:

«Այս վարչակազմը, որ հիմա աշխատում է Հայաստանում, ունի հակառուսական դիրքորոշում, Իրանն ու Չինաստանը ևս մտնում են այդ բլոկի մեջ: Հայաստանը մտել է այդ խաղի մեջ, և բոլորիս պարզ է, որ այս վարչակազմը թեքում ունի դեպի Արևմուտք և Ամերիկա, և, բնականաբար, երբ նման թեքում ունի, չի կարող նորմալ վերաբերմունք ունենալ Իրանի հանդեպ: Հայ-իրանական հարաբերությունները զոհ են գնում այդ խաղի կանոններին»,- ընդգծեց նա:

Փորձագետի գնահատմամբ՝ թեպետ 2020թ. տեղի ունեցավ պատերազմ, հայկական կողմն ունեցավ 5000-ից ավելի զոհ, տարածքային կորուստներ, բայց 2021թ. ավելի վատ կորուստ ունեցանք՝ մեր ազգի և ժողովրդի բարոյակական կորուստը:

«Անբարոյականորեն հայ-թուրքական հարաբերությունների հարցը այս փուլում մեջտեղ քաշելը ես տեսնում եմ բարոյական կորուստի շարքում: Իշխանությունը պարզ է, թե ինչ է անում, պարզ է, թե ինչ գծով են շարժվում, բայց մեր ժողովուրդն ամենամեծ մեղավորն է, որ այդ ամենից հետո ամռանը ընտրեց նույն վարչակազմին և հիմա էլ շարունակում է պասիվ մնալ, չի պահանջում այս իշխանություններից իր արդար պահանջը: Վերջին նմուշը վարչապետի խայտառակ ասուլիսն էր, որ պարզ ասաց, որ Արցախը Ադրբեջանի կազմում կլինի: Եթե այս ասուլիսից հետո էլ մեր ժողովուրդը դուրս չի գալիս և չի պահանջում այս իշխանության հրաժարականը, մենք բարոյական մեծ կորստի առջև ենք կանգնած, և 2022թ. մեզ համար շատ դժվար է լինելու: Այս փուլում շատ սխալ կլինի Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել, որովհետև մենք Թուրքիայի քաղաքականությունը գիտենք, գիտենք՝ ինչ են ուզում»:

Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով Թուրքիայի վարած քաղաքականությունը և վերջին շրջանի ակտիվությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առումով, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նրանց որոշ նախապայմաններ արդեն իսկ կատարել են:

«2018թ., երբ այս իշխանությունները եկել են, հենց այն ժամանակ են հրաժարվել Թուրքիայի նկատմամբ մեր պահանջատիրությունից, հենց այդ ժամանակվանից են Թուրքիայի հետ պայմանավորվել՝ այդ նախապայմանները չբարձրացնել: Մենք 2018թ. արդեն տեսնում էինք իշխանության արտահայտությունները Ցեղասպանության վերաբերյալ, Սփյուռքում էլ տեսել ենք դեսպանների արտահայտությունները: Այսինքն՝ դա նշանակում է, որ 2018թ. արդեն պայմանավորված են եղել Թուրքիայի հետ, և պետք է Արցախի հարցը լուծվեր, ու հիմա էլ մյուս զիջումների հերթն է»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ 2022թ. համար որևէ դրական կանխատեսում չունի, եթե այս իշխանությունները շարունակեն իշխել Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս