Նիկոլ Փաշինյան․ թալանչին

Իրական ժողովրդավարական երկրներում ժողովրդավարության կենսունակության առանցքային ինստիտուտը պատասխանատվությունն է։ Առանց պատասխանատվության՝ չկա ժողովրդավարություն, առանց պատասխանատվության ժողովրդավարությունը դեմոկրատական շղարշով պատված ավտորիտարիզմն է, այն, ինչը հաստատուն քայլերով ամեն օրվա հետ հաստատվում է Հայաստանում։ Օրինակներ արձանագրվում են գրեթե ամեն օր։

Սահմանադրական Դատարանի նախօրեի վճիռը՝ քաղաքացիներին իրենց հաշվին կորոնավիրուսի դեմ թեստավորման պարտադրանքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, իրավական ու իրական ժողովրդավարական երկրում պաշտոնյաների հրաժարականների շքերթի պետք է հանգեցներ։ Իհարկե, ՍԴ վճիռն ամբողջությամբ համապատասխանում է հայաստանյան քաղաքականության ոգուն և տառին՝ իր լղոզվածությամբ ու անհեթեթության հակասականությամբ (ինչը նույնքան անհեթեթ է դարձնում ընդդիմադիր որոշ շրջանակների ոգևորությունը դրա առիթով), այդուհանդերձ, անգամ անատամ կերպով երկրի բարձրագույն դատական մարմինն արձանագրում է, որ պետությունը՝ քաղաքացիներին պարտադրելով ֆինանսական ծախս, հակասահմանադրական քայլ է կատարել, այլ կերպ ասած՝ թալանել է քաղաքացիներին։

Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ իրենց վերջին միջոցներն այդ նպատակով ուղղող քաղաքացիները, հսկայական գումար են ծախսել հակասահմանադրական պարտադրանքի պատճառով։ Քաղաքացիներին այդ գումարների վերադարձման հարցը կարևոր, սակայն տվյալ համատեքստում տեխնիկական խնդիր է։

Շատ ավելի սկզբունքային է այդ հակասահմանադրական որոշման համար պատասխանատվության ինստիտուտի գործարկումը, որը Հայաստանում, փաստորեն, գոյություն չունի։ Հակառակ դեպքում արդեն այսօր պետք է պաշտոնանկ արված լինեին առողջապահության նախարարը, բոլոր պետական հաստատությունների իրավաբաններն ու փորձագետները, որոնք երաշխավորել են հակասահմանադրական այդ ակտը։

Բայց Առողջապահության նախարարի պաշտոնանկությունը կլիներ ընդամենը մակերեսային լուծում։ Ակնհայտ է, որ այդ հակասահմանադրական որոշումը որևէ նախարար չէր կարող կայացնել առանց քաղաքական իշխանության ամենաբարձր մակարդակով հավանության։ Հետևաբար՝ այդ քայլը կատարվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հավանությամբ, հնարավոր է՝ դրդմամբ։ Այսինքն՝ կառավարությունը, իմա՝ Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, թալանել է քաղաքացիներին՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Ողբերգական խորհրդանշականությամբ, քաղաքացիներին թալանել է մեկը, ով իր քաղաքական կարիերան կերտել է «ժողովրդին թալանելու», «քաղաքացիներին հարստահարելու» մասին սրտակեղեք հայտարարություններով։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական բարոյականության հարթությունում Նիկոլ Փաշինյանն արդեն պետք է հրաժարական ներկայացրած լիներ։ Բայց քանի որ քաղաքականության բարոյականությունը Նիկոլ Փաշինյանի հետ ունի այնքան աղերս, որքան բարձր արվեստը՝ նրա դհոլչի գլխավոր դատախազի պարագայում, նա ոչ միայն հրաժարական չի ներկայացնում, այլև շարունակում է շաղակրատել սոցիալական ցանցերում։

Խնդիրը, անշուշտ, ոչ միայն քաղաքական բարոյականության, այլ նաև քրեաիրավական հարթությունում է։ Երբևէ իրավական պետություն դառնալու դեպքում քաղաքացիների թալանի պատճառ դարձած այդ հակասահմանադրական որոշման պատճառով առաջացած հետևանքները պետք է ենթարկվեն համապատասխան քննության և քաղաքացիներին պետք է վերադարձվեն նրանց ծախսած գումարները։ Կոպեկ-կոպեկ, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս