Մոլագարը
Անցած շուրջ չորս տարիներին Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքն անձամբ և իր իշխանությունը չունեն կարմիր գծեր ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքական հարաբերություններում։ Նա սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար պատրաստ է անցնել ցանկացած կարմիր գծի վրայով, պղծել ցանկացած սրբություն՝ կլինի դա պետության անցյալ, զոհվածի հիշատակ թե գերեվարված զինվոր։ Նույն կերպ նա պատրաստ է ոչնչացնելու իր քաղաքական հակառակորդներին, եթե դա պահանջում է այսրոպեական շահը։
Նիկոլ Փաշինյանը իրավիճակի, օրվա, գուցե նույնիսկ ակնթարթի մարդ է, նա իր վարքագիծը կառուցում է բացառապես կոնյունկտուրային շահերով։ Բայց դժբախտությունն այն է, որ այդ կոնյունկտուրայնությունն ինքնաբերաբար պրոյեկտվում է նաև պետության վարքագծի վրա․ Հայաստանն իրականացնում է խիստ կոնյունկտուրային, իրավիճակային արտաքին քաղաքականություն՝ շատ հաճախ աշխարհում դառնալով ընդհուպ ծիծաղի առարկա։
Այս իրավիճակի խորքային պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը չունեն որևէ արժեքային հենք, չեն դավանում որևէ գաղափարախոսության ու չեն կրում որևէ սկզբունք։ Արժեքների բացակայությունը, անգաղափարախոսությունն ու անսկզբունքայնությունն են փաշինյանական իշխանության հիմնական բնութագրիչները։ Ի դեպ, սա այն եզակի հարցերից է, որում Նիկոլ Փաշինյանը համեմատաբար ազնիվ է գտնվել ու մինչև իշխանության գալը խոստովանել է, որ չի դավանում որևէ իզմ-ի։
Նա այն ժամանակ չի ասել, բայց հասկացրել է, որ չի դավանում նաև որևէ արժեքի կամ սկզբունքի։ Իսկ դա վտանգավոր, չափազանց վտանգավոր հակաֆենոմեն է, հատկապես, երբ դրա կրողը գտնվում է իշխանության ղեկին։ Որովհետև երբ մեկին առաջ են մղում ոչ թե արժեքներն ու սկզբունքները, այլ բացառապես շահերը, նա կարող է հանուն շահերի ոչնչացնել ցանկացած արժեք ու սկզբունք, առանց որի հասարակությունն ու պետությունը չեն կարող գոյություն ունենալ։
Այն, ինչ Հայաստանի հետ արել և շարունակում է անել Նիկոլ Փաշինյանը, հենց այս երևույթի արտահայտություններն են։ Հանուն սեփական շահերի՝ նա ոչնչացրել է այն հիմնական արժեքները, որոնք ընկած էին Հայաստանի նորանկախ պետության հիմքում՝ Արցախ, հաղթանակներ, ազգային արժանապատվություն ու հպարտություն, միջազգային հարաբերություններում երկրի սուբյեկտայնություն։ Բոլոր այս և էլի շատ ու շատ արժեքներ Նիկոլ Փաշինյանն ուղղակի հօդս է ցնդեցրել՝ հանուն նրա, որ մեկ ժամ ավել մնա իշխանության ղեկին։ Իշխանությունը նրա համար դարձել է հիվանդություն, մոլուցք, և նա Հայաստանի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես կամայական մոլագարը սեփական շեղված նպատակներին հասնելու համար։
Քաղաքական և պետական գործիչները, ի թիվս այլ հատկանիշների, տարբերվում են նաև արժեքների ու սկզբունքների առկայությամբ կամ բացակայությամբ։ Եթե քաղաքական գործչի համար անարժեքությունն ու անսկզբունքայնությունը խիստ վերապահումներով կարող է ընդունելի համարվել, ապա պետական գործչի պարագայում դա ուղղակի հակացուցված է։ Նիկոլ Փաշինյանը, ահա, լինելով անարժեք ու անսկզբունքային քաղաքական գործիչ և գուցե դրա հաշվին հաջողության հասնելով Հայաստանի խեղված քաղաքական համակարգում, ոչ միայն չդարձավ պետական գործիչ, այլև վերածվեց հակապետական քանդարարի, ով պատրաստ է զոհել պետությունը հանուն իշխանության և ոչ հակառակը։ Բոլոր մոլուցքները, համապատասխան բուժման բացակայության պարագայում, հանգեցնում են մոլագարի կործանմանը։ Բայց, որպես կանոն, մինչ այդ՝ մոլագարը հասցնում է կործանել այն ամենայնը, ինչը նրան հասանելի է լինում սեփական հավակնությունների բավարարման ճանապարհին։
Հայաստանը հիմա հենց այդ ճանապարհին է։
Ռոբերտ Տեր-Սարգսյան