«Ասում են՝ հրապարակեք. դուք եք իշխանություն, տղա եք՝ հրապարակեք. տղա չեք». Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մասին

Միացյալ ընդդիմությունն ունի երեք ճգնաժամ՝ դեմքերի, գաղափարների, մեթոդաբանության. ինչքան շուտ սա գիտակցվի, ինչքան շուտ գիտակցմանը հետևի քայլեր ձեռնարկելու, աշխատանք իրականացնելու փուլը, այնքան բոլորիս համար ավելի լավ:

Այս մասին այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության  հրավիրած  «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը շարունակաբար մանիպուլյացնում է արցախյան բանակցությունների ժառանգության հետ կապված թեման: Ինչքան ստանում են փաստերը՝ այնքան շարունակում են ստել»,- ասաց նա:

Ըստ բանախոսի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի միջանկյալ կարգավիճակը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության հենասյուները:

«Ասում են՝ հրապարակեք. դուք եք իշխանություն, տղա եք՝ հրապարակեք. տղա չեք: Մենք ապացուցելու ենք, որ դուք ծախել եք Ղարաբաղյան բանակցային գործընթացը: Մարդկանց դնում են «ժեխի» տեղ և կատարյալ անբարո ստերը հետևողականորեն տարածում են»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

«Նիկոլը գնացել է Բրյուսել ու ծախել է մեր պետական, ազգային շահերը: Նա Ադրբեջանին 44 օրվա պատերազմի մեջ չի մեղադրել, ագրեսիայի մեջ չի մեղադրել, հոգևոր-մշակութային կոթողների քանդման մեջ չի մեղադրել, ռազմագերիներին կտտանքների ենթարկելու և սպանելու մեջ չի մեղադրել: Ու եթե մենք թասիբ չունենք, որ Նիկոլը մեզ դեռ ղեկավարում է, ուրեմն ինչի՞ մեզ չպետք է օգտագործեն: Միջազգային իմ գործընկերները հարցնում են՝ չենք հասկանում, հիմա մենք Ցեղասպանության միջազգային ճանաչման բարձրաձայնման հարցը հետապնդե՞նք, թե՞ ոչ, որովհետև մտավախություն ունեն, որ եթե պետությունն ու դեսպանատները չեն խոսում այս թեմայից, հնարավոր է՝ հետո պարզվի, որ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից, և Հայաստանը ներկայացնող չինովնիկները դա էլ են ծախել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս