Ինչպես 4 տարում պետությունը վերածվեց տարածքի

Արցախյան 44-օրյա պատերազմը, ի թիվս այլ գործոնների, իսկ գուցե առավելապես Հայաստանի դիվանագիտության տապալման հետևանքն էր։

2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց վարել այնպիսի ու այնքան հախուռն, հակասական ու չհաշվարկված արտաքին քաղաքականություն, որը երաշխավորված աղետ էր խոստանում, ինչը և տեղի ունեցավ 2020 թվականին։

Նիկոլ Փաշինյանին թվում էր ու գուցե մինչև հիմա էլ թվում է, որ իր իրականացրած «հեղափոխությունն» այնպիսի դարակազմիկ ու աննախադեպ իրադարձություն էր, որ աշխարհը գլուխ էր խոնարհելու եթե ոչ՝ Հայաստանի, ապա՝ գոնե իր առաջ։

Արդյունքում՝ ինքը ստիպված եղավ մի քանի հազար անգամ գլուխ խոնարհել 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմների առաջ։

Բայց այնպես չէ, որ Հայաստանի տապալված արտաքին քաղաքականության ու դիվանագիտության միակ բացասական հետևանքը 44-օրյա պատերազմն էր։

Այո, դա ամենաողբերգականն էր, բայց ոչ միակը։

Իրականում 2018 թվականից հետո Հայաստանը ձախողումներ ու հետընթաց է գրանցել արտաքին քաղաքական գրեթե բոլոր կարևոր ուղղություններում։
Հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են անթույլատրելիության աստիճանի։ Ներքին քաղաքականության մեջ հաճախ արդարացվող մանր խորամանկությունը, ստանձնած պարտավորություններից խուսանավումը ընդհանուր առմամբ՝ արտաքին քաղաքականության մեջ ճղճիմությունը հանգեցրել են Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների՝ վտանգավորության հասնող մակարդակի։

Նույնը գրեթե հավասարապես վերաբերում է նաև այլ աշխարհաքաղաքական բևեռների ու երկրների հետ Հայաստանի հարաբերություններին։

Իրեն իբրև թե արևմտամետ հռչակած, իսկ իրականում որևէ կողմնորոշում չունեցող Նիկոլ Փաշինյանն ըստ էության տապալել է Եվրամիության հետ հարաբերությունների հագեցած օրակարգը, որը որպես ժառանգություն՝ ստացել էր նախկին իշխանությունից։

2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը` CEAP-ն, Եվրամիության հետ հարաբերությունների հսկայական շրջանակ ու հնարավորություններ էր պարունակում, որոնց անգամ չնչին մասը չի իրացվել անցած շուրջ չորս տարիներին։ Խոսքն ինչպես քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացման, այնպես էլ՝ տնտեսական հարաբերությունների ամրապնդման ու նյութականացման հնարավորությունների մասին է, որոնք ուղղակի մսխվել են գործող իշխանությունների կողմից։

Համանման պատկեր է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որի հետ կապերն իջեցվել են գրեթե արարողակարգային շփումների մակարդակի։

Իսկ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ցույց տվեց այդ գերտերության նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի լրջությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։

Անցած մոտ չորս տարիներին էական հետընթաց է արձանագրվել նաև հարևան ու բարեկամ Իրանի հետ հարաբերություններում, ինչի վկայություններից մեկն էլ վերջին շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրանական քաղաքական ու տնտեսական կապերի խորացումն է՝ բնականաբար, Հայաստանին շրջանցելով։

Նույն պատկերն է նաև մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի ու խոշոր խաղացողի՝ Չինաստանի հետ հարաբերություններում. բովանդակային օրակարգերի ու շոշափելի որևէ նախագծի բացակայություն, հարաբերությունների խորացման զուտ հռչակագրային հայտարարություններ։

Հայկական դիվանագիտության տոտալ տապալման հանրագումարն այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, դադարել է հետաքրքիր լինել որևէ երկրի կամ աշխարհաքաղաքական կենտրոնի համար։ Բոլորին այլևս հետաքրքրում է միայն Հայաստանի տարածքը, նրանով անցնող կոմունիկացիաները, բայց այլևս ոչ պետությունը՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։

Հիմա բոլորը խոսում ու պայմանավորվում են Հայաստանի մասին ու Հայաստանի շուրջ, բայց արդեն առանց Հայաստանի՝ վերջինիս սուբյեկտայնության գրեթե լիակատար բացակայության պատճառով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս