Սրանց իշխանության արդյունքում պանթյուրքիզմը միս ու արյուն ստացավ. Հայկ Մամիջանյան
«Թուրքիան այն ժամանակ երբեք չէր երազի այս մակարդակի ներգրավվածություն ունենալ Արցախյան հիմնախնդրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական առկա գործընթացների և Ցյուրիխյան համաձայնագրի հետ տարվող զուգահեռներին:
Ըստ նրա՝ Չավուշօղլուի հայտարարություններից արդեն նկատելի է, որ հիմնական նախապայմանները կապվելու են Արցախյան հիմնախնդրի հետ: Այս համատեքստում անդրադառնալով ապաշրջափակմանը միտված գործընթացներին՝ պատգամավորը շեշտեց՝ դրանք զուտ քաղաքական են:
«Թող որևէ մեկը, ներառյալ՝ այս խունտան, չփորձի ներկայացնել այս գործընթացը որպես տնտեսական-տրանսպորտային. դա զուտ քաղաքական գործընթաց է:
Բացե՛ք-նայեք՝ համանման զուգահեռ տարվող տրանսպորտային հանգույցներն ինչ ծանրաբեռնվածություն ունեն. նախատեսված ծանրաբեռնվածությունից անգամներ, տասնյակ անգամներ պակաս, ուստի ևս մեկ մեկ ճանապարհը չի կարող տրանսպորտային, կամ մաքսային, կամ տնտեսական շոշափելի շահութաբերություն ունենալ: Կարծում եմ՝ Հայաստանում ոչ մեկը չի կարծում, որ այդ գործընթացը Հայաստանին է ձեռնտու,- ասաց պատգամավորը՝ նկատելով նաև, որ գործընթացն իր հետ տարածաշրջանին ավելի է մոտեցնում պանթյուրքիզմի վտանգին,- Առաջ պանթյուրքիզմը մի բան էր, որը կարդում էինք պատմության դասագրքերում, սրանց իշխանության օրոք այն միս ու արյուն է ստացել: Այսինքն՝ սա վնասում է ոչ միայն ՀՀ շահերը, այլ նաև՝ աշխարհի (եթե ոչ աշխարհի, ապա առնվազն մեր տարածաշրջանի շահերը)»: