ԱՄՆ-ը խոստացել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր տեղափոխել ՆԱՏՕ-ի երկրներ
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի պետությունների ղեկավարների հետ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր տեղափոխել դաշինքի երկրներ։
«Բայդենն ընդգծել է, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) ունեցած հեռախոսազրույցից դժվար էր հասկանալ, թե իրականում ինչպիսի պլաններ ունի Ռուսաստանը: Բայդենը նաեւ ընդգծել է՝ առկա են տնտեսական, ֆինանսական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական լծակներ: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի երկրներ, իսկ թե որտեղ դրանք կտեղաբաշխվեն, դա կորոշեն ՆԱՏՕ-ի երկրները»,-Կարիսը դեկտեմբերի 10-ին ERR հեռուստառադիոհաղորդումների պորտալին պատմել է Բայդենի՝ ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական պետությունների ղեկավարների հետ նախօրյակին կայացած հեռախոսազրույցի մասին:
Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք այն ենթադրությունն անել, թե լրացուցիչ զորքերը կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ, Կարիսը նշել է. «Ես այսօրվա խոսակցությունից հասկացա, որ երբ անհրաժեշտություն է առաջանում՝ դա պետք է արվի: Բայց թե՝ այսօր, վաղը կամ մեկ ամիս անց, հեռախոսազրույցում այդ մասին, անշուշտ, չի խոսվել»: «Բայդենի ուղերձը ՆԱՏՕ-ի արեւելյան երկրներին եղել է հստակ. բոլոր որոշումները, որոնք վերաբերում են անվտանգությանը, ընդունվում են միասին, եւ չկա այնպիսի մի բան, թե կան արեւելյան թեւ, արեւմտյան թեւ, հարավային թեւ եւ հյուսիսային թեւ, որոշումներն ընդունվում են ամբողջ ՆԱՏՕ-ի կողմից, դա վերաբերում է նաեւ Ուկրաինայի թեմատիկային»,-հավելել է Կարիսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: