«ԿոնտրԱկտ» ներկայացումը կհամալրի Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը․ այն նախատեսված է 18+ անձանց համար
Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, թարգմանիչը՝ Թիմուր Սալիխովը։
Առաջնախաղերը տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին:
«ԿոնտրԱկտ»-ը ժամանակակից կորպորացիայի կանոնների և կարգերի շրջանակներում ապրող մարդկանց մասին է, մարդկանց, որոնք իրենք իրենց հետ գործարք են կնքում նպատակին հասնելու և կարիերայի մեջ հաջողելու համար:
Ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ փոխակերպման է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում, արդյոք կինը պատրա՞ստ է հրաժարվել իր իրական կոչումից հանուն կարիերայի: Ներկայացումը միաժամանակ և՛ կոմիկական է, և՛ ողբերգական, սակայն մտածելու առիթ է տալիս:
Դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը և Ելենա Վարդանյանը։ Բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պլաստիկան՝ Արա Ասատուրյանի:
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից: