Հողեր ազատագրածի անվան դպրոցում հաղթեց հողեր հանձնած ուժը
Դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին նաև Մասիս խոշորացված համայնքում։ Ընտրական պայքարի մեջ է քաղաքական երկու ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
168.am-ի նկարահանող խումբը Արարատի մարզի Դարակերտ համայնքի 11/22 ընտրատեղամասում էր, իսկ տեղամասը Դարակերտի միջնակարգ դպրոցում էր: Այն կրում էր Արցախյան առաջին պատերազմի հերոսներից Դավիթ Լադոյանի անունը (21.12.1971 – 25.12.1993թթ.):
Ազատամարտիկը ԼՂՀ Պաշտպանության բանակի 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Շուշիի, Մարտակերտի, Լաչինի, Ասկերանի, Աղդամի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին: Ռազմավար է վերցրել հակառակորդի 1 տանկ:
Զոհվել է 1992 թվականին Հորադիզում: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիություն» մեդալով:
Դպրոցի գլխավոր մուտքի ճեմասրահում միայն Դավիթ Լադոյանի «կռիվ տվող» հայացքը չէր, որ դիմավորեց մեզ, ճեմասրահի պատերին Դարակերտի՝ արցախյան բոլոր պատերազմներին մասնակցածների ու զոհվածների նկարներն էին՝ կենսագրություններով, մի կողմում էլ՝ ՀՀ Ազգային հերոսներինը:
Արարատի փոխմարզպետ Գևորգ Սիմոնյանը, ով Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիրունյանի որդին է և դեկտեմբերի 5-ին վերը նշված ընտրատեղամասում ՔՊ-ի կողմից վստահված անձ էր, մեզ հետ զրույցում պատմեց, որ այն, ինչ կա, իր նախաձեռնությունն է, հետո դրվագներ պատմեց վերջին պատերազմից, որին մասնակցել է:
Լսում եմ իրեն, պատմածը, հետո փաստը, որ ՔՊ-ին է պաշտպանում, ում առաջնորդի պատճառով Արցախի մեծ մասն ենք կորցրել, և չեմ հասկանում՝ ո՞նց է հնարավոր:
Ասում եմ՝ պարտված պատերազմում ո՞նց կարող են լինել Ազգային հերոսներ, լուռ համաձայնում է: Հետո շարունակում եմ՝ Ձեր իշխանությունը…, պատասխանը, թե՝ բաժանումները սխալ են, բնականաբար, հիշեցնում եմ՝ ով էր «սև-սպիտակի» հեղինակը, որից հետո Սիմոնյանը խոսակցությունը սահուն «տեղափոխում» է մարտի դաշտ: Արցախյան վերջին պատերազմին Դարակերտից մոտ 90 հոգի մասնակցել է պատերազմին՝ ժամկետային, կամավոր, համայնքը 4 զոհ է տվել: Իսկ ձայների հաշվարկից հետո պարզ է դառնում, որ բազմաթիվ հայրենադարձներով բնակեցված և Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության նկատմամբ անտարբերություն չդրսևորած գյուղում հաղթում է ՔՊ-ն՝ ստանալով 603, իսկ «Դավիթ Համբարձումյանը»՝ 306 ձայն, 58 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվում:
Մխիթարականն այն է, որ գոնե չհանդիպեցինք Փաշինյանի «փրկիչ» լինելու մասին բարձրաձայնողների, հողերի կորստի մասին անտարբեր հայտարարությունների, թուրքին բարեկամության կանչողների, բոլորովին հակառակը եղավ:
Միևնույն է՝ ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է: Հողեր ազատագրածի անունը կրող դպրոցում չէր կարող հողեր հանձնած իշխանական ուժը նման տարբերությամբ հաղթել: Գուցե այստեղ ընդդիմությունը մեղքի իր բաժի՞նն ունի, որ հանձնաժողովի անդամներից ընդդիմության վստահված անձին չասեն՝ դու պատերազմ չես գնացել, իսկ ես եղբոր տղա եմ կորցրել: Իսկ, առհասարակ, ՏԻՄ ընտրություններին ուրիշ նրբություններ պիտի հաշվի առնել: Սա ուրիշ խոսակցությունն է, բայց միևնույն է՝ շատ բան, շատ տեղերում սխալ է: Գուցե պատերազմի պարտության հետ չհամաձայնելը չպիտի լուռ լինի, իսկ ընդդիմությունն էլ սկսի աշխատել գյուղաբնակների «ուղեղների» հետ, ինչպես Փաշինյա՞նը…