Բաժիններ՝

Թիվ 83 դպրոցի գործող տնօրեն Մանվել Պապոյանի բանավոր հրահանգով խոչընդոտում են լրատվամիջոցի աշխատանքը. դպրոցում տնօրեն են ընտրում

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր ծնողական և մանկավարժական խորհուրդները պետք է լսեն նոր տնօրենի հավակնորդների դպրոցի զարգացման ծրագրերը, ապա պետք է տեղի ունենա փակ քվեարկություն, որի արդյունքներով  նաև դեկտեմբերի 2-ին վերջնականապես պարզ կլինի՝ ով կլինի դպրոցի նոր տնօրենը:

168.am-ը, ով մինչ այս դպրոցի ընտրությունը բազմաթիվ նման մրցույթներ է լուսաբանել, ինչպես հարկն է, ըստ կարգի՝ պատշաճ ժամկետում խորհրդի նախագահին է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն այսօր դպրոցում գործող տնօրեն Մանվել Պապոյանը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը և նրան թույլ չի տալիս բարձրանալ վերև:

Լրագրողը կապ է հաստատել ԿԳՄՍՆ-ի հետ, որտեղից նրան պատասխանել են, որ որևէ արգելք չկա, և լրագրողը կարող է հանգիստ լուսաբանել թե զարգացման ծրագրերի ներկայացումը, և թե փակ քվեարկությունը:

«Որևէ կետ չկա, որ լրատվամիջոցին կարող են արգելել լուսաբանել այս պրոցեսը»,- ասել են ԿԳՄՍՆ-ից:

168.am-ը կապ հաստատեց նաև ոստիկանության լրատվական վարչության հետ, տեղեկացրեց, որ դպրոցի առաջին հարկում ծառայություն իրականացնող Արաբկիրի բաժնի անչափահասների տեսուչները թույլ չեն տալիս լրագրողին աշխատել՝ գործող տնօրեն Մանվել Պապոյանի բանավոր հրահանգով:

Ոստիկանությունից մեզ պատասխանեցին, որ ոստիկանները հասարակական կարգ են պահպանում, և տնօրենն ասել է, որ լրագրողն իրավունք չունի ներկա գտնվել ընտրությանը:

Ի դեպ, տնօրենը ստել է, որ լրագրողներին իր աշխատանքը կատարել թույլ չեն տալիս անչափահասների տեսուչները, ովքեր միշտ ծառայություն են իրականացնում դպրոցում:

«Դպրոցի տնօրենը դիմել է մեզ այսօր հասարակական կարգը պահպանելու համար ոստիկանական ծառայություն իրականացնելու խնդրանքով»,- ասացին մեզ ոստիկանությունից:

Միևնույն ժամանակ գործող տնօրենը չի պատասխանում ԿԳՄՍՆ-ի պաշտոնյաների զանգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս