Արցախի հարցը տարածքի հարց չէ. իրավունքի հարց է. Փաշինյան
«Դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի հարցի կարգավորում, կոմունիկացիաների բացում. սրանք տարբեր հարցեր են և քննարկման տարբեր մեթոդաբանություններ ունեն: Տարածքային ամբողջականության թեման. օրինակ՝ 1991թ., երբ Հայաստանը և Ադրբեջանը ընդունվել են ԱՊՀ, հռչակագիր և միջպետական պայմանագիր են ստորագրել, այդտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այդ ժամանակ Արցախի խնդիրը եղել է, չէ՞»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրան ուղղված հարցը հետևյալն էր՝ վերջերս հայտարարել եք, որ Հայաստանը համաձայն է ՌԴ առաջարկներին՝ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, կարո՞ղ եք որոշակիորեն բացել փակագծերը՝ ի՞նչ առաջարկներ են դրանք, ի՞նչ լուծումներ են ենթադրում՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին և արդյո՞ք ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
Փաշինյանն ընդգծեց՝ իրենց ընկալմամբ՝ Արցախի հարցը տարածքի հարց չէ, իրավունքի հարց է.
«Տարածքի հետ կապ չունի: Հենց դա է, որ երբ մենք ասում եք, որ Արցախի հարցը նենգափոխվել է, այդ թվում՝ Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելով, նաև դա նկատի ունենք, որովհետև 91 թվին ԱՊՀ փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել են, դա ի՞նչ է նշանակել, որ Ղարաբաղի հարցը չկա՞, գոյություն չունի՞»: