Տաթևիկ Ռևազյանն ավիացիոն ոլորտը կործանելուց հետո իրեն դրանից հեռու է պահում

Օրեր առաջ Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։

Ինչպես պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, ավիացիոն ոլորտի համար կարևորագույն համաձայնագրի ստորագրմանը ներկա չի գտնվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Անգամ այն, որ նման համաձայնագիր է ստորագրվել, դրա մասին մինչև երեկ՝ օրվա կեսը, նշված չէր ո՛չ Կոմիտեի պաշտոնական կայքում, ո՛չ ֆեյսբուքյան էջում, և ո՛չ էլ անգամ Տաթևիկ Ռևազյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա բավականին ակտիվ գրառումներ է անում, անձնական լուսանկարներ հրապարակում: Փոխարենը՝ ՔԱԿ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթական անգամ ճամփորդության է մեկնել, այս անգամ Դուբայ՝ որպես բանախոս մասնակցելու ավիաշոուին:

Շատ հետաքիքիր է, թե ինչ է ներկայացնելու Տաթևիկ Ռևազյանը Դուբայում. թե ինչպես է կարողացել 3 տարվա մեջ կազմաքանդել կայացած ավիացիոն ոլո՞րտը, թե՞ ինչ քայլեր է պետք անել կամ չանել, որպեսզի հայկական ավիաընկերությունները հայտնվեն սև ցուցակում…:

Պաշտոնավարման սկզբից էլ ՔԱԿ նախագահն աչքի է ընկել բավական մեծ քանակի և, որ ամենակարևորն է, անարդյունավետ գործուղումների մեկնելով, աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր մի քանի ժամով աշխատանքի հաճախելով:

Ի դեպ, նա կրկին պատրաստվում է մայրանալ, և սա արդեն 3 տարվա մեջ նրա 2-րդ  ֆիզարձակուրդն է լինելու, որը կսկսվի Դուբայից վերադառնալուն պես:

Ինչպես արդեն գրել ենք, նա այս անգամ ևս հավանաբար կծննդաբերի Կոպենհագենում, ինչպես արեց առաջին երեխայի ծնունդի ժամանակ, իսկ պատճառը մեկն է. Տաթևիկ Ռևազյանը վստահություն չունի մեր երկրի առողջապահության նկատմամբ և նախընտրում է օգտվել Եվրոպայի բուժհաստատություններից:

Իսկ այն, որ երկրի ավիացիոն իշխանությունը հայտնվել է սև ցուցակում, ոլորտում մեկը մյուսի հետևից տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ՝ օդանավի առևանգումից մինչև մասնագետների «փախուստ» կոմիտեից, ոլորտի ղեկավարը օրերով աշխատանքի չի հաճախում, որևէ մեկին չի հետաքրքրում: Դե, իսկ այդ պարագայում ոլորտի այս վիճակում գտնվելն էլ նորմալ պետք է համարել:

Այդ ընթացքում ադրբեջանական կասկածելի օդանավերը, ինչպես երեկ, այսօր ևս թռչում են հայկական օդային տարածքով:

Եվս մեկ կարևորագույն հանգամանք. Թե՛ Արարատ Միրզոյանի խոսքում, և թե՛ ՔԱԿ հաղորդագրության մեջ նշվում են այն առավելությունները, որոնք տալիս է Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Միայն թե չի նշվում, որ դրանք Հայաստանի համար առոչինչ են, քանի դեռ ՀՀ-ն գտնվում է Եվրոպայի ավիացիոն «սև ցուցակում»:

Այդ մասին նաև Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էր գրել:

«Քանի որ «թավշյա» քայլիչներն էս ամենը` Թռիչքային ու Ավիացիոն Անվտանգության համակարգերը, օդանավերի, օդաչուների, տեխնիկական սպասարկման… գործընթացների հավաստագրումը և այլ նման «մանրուքներ» 2 տարում գլխովի ոչնչացրել են, իսկ հաջորդ մոտ 2 տարում ոչինչ չեն վերականգնել, ապա ընդհանուր սեղանից կարող են օգտվել միայն ԵՄ 27 անդամ, ու էդ համաձայնագրին միացած ոչ ԵՄ անդամ երկրների ավիաընկերությունները, ինչպես օրինակ` Մոլդովան (Ֆլայ 1, որի մասնաճյուղը կազմակերպվել է Հայաստանում), Վրաստանը, Ուկրաինան…  Որովհետև դեռևս 2017 թ. ստորագրված այս Համաձայնագիրը չէր նախատեսում ԵՄ «սև ցուցակում» տեղի ամրագրում և վստահ ու երկարաժամկետ ապահովում: Որովհետև էն ժամանակ, բարձր ռեյտինգ ունեցող ՀՀ ավիացիոն իշխանությունները հայկական ավիաընկերությունների համար ճանապարհ էին բացում դեպի եվրոպական մեծ շուկա, ինչի դիմաց առաջարկվում էր մեր երկրի անհամեմատ ավելի փոքր ուղևորահոսքը»,- մասնավորապես գրել էր Հակոբ Ճաղարյանը:

Նա նաև նշել էր, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ սա ոչ թե այս իշխանության ձեռքբերումն է, այլ նախկին իշխանությունների լուրջ ձեռքբերման փչացումը, արժեզրկումը ՔՊ-ական իշխանության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս