«Փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստվում եմ ստորագրել. դա խափանվեց ներքաղաքական աղմուկի պատճառով». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով. «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել»:

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց. «Այնպես չէ, որ 41 քառակուսի կիլոմետրը ամբողջությամբ վերահսկվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից: Նախկինում առիթ եմ ունեցել ասելու, որ մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով, ըստ էության, տարբեր հատվածներում Ադրբեջանի ԶՈւ և մեր ԶՈւ դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն՝ մխրճված մեկը մյուսի մեջ՝ անտրամաբանական ձևերով»:

Նա շեշտեց, որ մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքներով. «Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով՝ նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, և ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև, երբ ասվում է կամ Ադրբեջանի, կամ մեր կողմից, որ գիտե՞ք՝ Ադրբեջանը մեր տարածքները օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է, որ գիտե՞ք՝ այո, այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ միանշանակ բալանս կա: Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ սկսեք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, և կողմնորոշվեք՝ ի վերջո, ի՞նչ մեթոդաբանությամբ, ի՞նչ իրավական հիմքերով է դեմարկացիան և դելիմիտացիան տեղի ունենալու, որպեսզի այս հարցը մեկընդմիշտ փորձենք փակել»:

Նիկոլ Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ երեկվա գործողությունների արդյունքում բալանսը չի փոխվել՝ միևնույն ժամանակ նշելով, որ կան ներխուժված հատվածներ. «Այդ ներխուժված հատվածներում մենք և ադրբեջանցիները ունենք դիրքեր, նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք, այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունը անընդհատ փոխվում է: Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ-որ դիրքերի գոյությունը անիմաստ է դառնում, հանում են՝ տանում են ուրիշ տեղ են դնում: Շատ կարևոր է, որ այս նրբությունը ճիշտ հասկանանք: Ըստ էության, ոչ ավելի խորացել են, ոչ էլ չեն խորացել, այսինքն՝ այդ 41 քառակուսի կիլոմետրի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել: Քանի դեռ այս իրավիճակները կան, միջազգային հանրությունը դա դիտում է՝ որպես լարվածության շատ կոնկրետ աղբյուր, և նրանց ակնկալիքն է Հայաստանից և Ադրբեջանից, որ այդ հարցը սկսեն քննարկել, լուծման բանաձևեր դնեն, և դնեն լուծման ռելսերի վրա: Մենք միջազգային հանրության այս ուղերձը ընդունում ենք: Ինչքան էլ Հայաստանում շատ ծանր քննադատության արժանացա, 2021թ. մայիսին եմ հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ես պատրաստ եմ և պատրաստվում եմ ստորագրել, բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով այդ պրոցեսը խափանվեց, և դրանից հետո էլ երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու, և մենք համաձայնել ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս