HTC-ի գործերը լավ չեն
Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը գնորդներին ավելի արագ է կորցնում, քան սպասվում էր։ Ընկերության շահույթը 2012թ. 4-րդ եռամսյակում նվազել է 10 անգամ (91%-ով)։ Դա տեղի է ունեցել գլխավոր մրցակիցների՝ Apple-ի և Samsung-ի կողմից ճնշման արդյունքում։
Դեռևս աուդիտ չանցած տվյալների համաձայն, HTC-ն վաստակել է ընդամենը 34.48 միլիոն դոլար, մինչդեռ կանխատեսվում էր 49 միլիոն։ Մեկ տարի առաջ զուտ շահույթը 374 միլիոն դոլար էր։
Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը դեռ մնում է կայուն մակարդակի վրա։ Չորրորդ եռամսյակում HTC-ն վաճառել է ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոլարի սարքավորումներ։ Այսինքն, թայվանական արտադրողը տեսականորեն դեռ շանսեր ունի ոտքի կանգնելու համար։
Շատ փորձագետներ շարունակում են կասկածով վերաբերվել HTC-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ M7 պայմանական անվանումով նոր սմարթֆոնի մուտքը շուկա կարող է հետաձգվել և չարդարացնել սպասելիքները։ Դա նշանակում է, որ Samsung Galaxy S4-ը ավելի շուտ կհայտնվի խանութներում։
Նշենք, որ 2011 թվականի երկրորդ կեսից HTC ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, ինչի հետևանքով բրենդի հեղինակությունը զգալիորեն տուժել է։