«Պետք է Ադրբեջանի վիզա ունենա՞նք, թե՞ չունենանք․ ոչ մեկը չգիտի, թե ինչ կարգավիճակով են այդ մաքսակետերն աշխատելու»․ Գորիսի փոխհամայնքապետ

«Գորիսից Որոտանի հատվածով դեպի Կապան ընդհանրապես ոչ մի շարժ չկա»,- այսօր 168.amի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Որոտանի հատվածում օրեր առաջ ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։

Քոչարյանի խոսքով՝ նշված հատվածով չերթևեկելու պատճառը, բացի վախից, նաև անորոշությունն է․

«Ոչ մեկը չգիտի, թե ինչ կարգավիճակով են այդ մաքսակետերն աշխատելու։ Մենք պետք է Ադրբեջանի վիզա ունենա՞նք, թե՞ չունենանք, այդպիսի հարցեր կան, գլոբալ մասշտաբի հարցեր են, որ մեր՝ համայնքային իշխանության տիրույթում չեն, որ լուծում տանք, դա կառավարությանը վերաբերող հարցեր են։ Բացի դա, մեծ վախ կա, ես կամ դուք այդ հատվածով անցնում ենք, ի՞նչ կարգավիճակ պետք է լինի, որ անցնենք, ի՞նչ թույլտվություն, ո՞ւմ կողմից, պե՞տք է լինի թույլտվություն, թե՞ չպետք է լինի, չգիտեմ, պետք է հստակեցվի այս իրավիճակը․․․»։

Հարցին՝ բացի հայկական մեքենաներից, իրանական մեքենաները ևս չե՞ն երթևեկում Որոտանի հատվածով, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ ինքը չի նկատել այդ հատվածով երթևեկող իրանական մեքենաներ, հետևաբար՝ չի կարող պատասխանել այդ հարցին։

Քոչարյանը ցավով ընդգծեց, որ ամիսներ առաջ  ահազանգել է ու զգուշացրել, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածում՝ ճանապարհի 2 կողմերում, շինարարություն են կատարում, հնարավոր է՝  մաքսակետ են կառուցում,  բայց իշխանություններն ուշադրություն չէին դարձրել այդ ահազանգերին: Փոխհամայնքապետի  ասածներն իրականություն դարձան, ադրբեջանցիներն օրեր առաջ Որոտանի հատվածում մաքսակետեր տեղադրեցին․

«Մինչ այդ ասում էին՝ ես սխալ մեկնաբանություններ եմ անում, այդպիսի բաներ չկան, բայց եղավ այն, ինչ եղավ․․․»։

Գորիսի փոխհամայնքապետը նաև հայտնեց, որ Գորիսից Որոտան գնացող ուսուցիչները ստիպված են 15 րոպեանոց ճանապարհն անցնել 2 ժամում, որպեսզի կարողանան դասավանդել․

«Ներկա պահին մարզպետարանի կողմից 1 «Ուրալ» մեքենա է հատկացված ուսուցիչների տեղափոխման համար, այլընտրանքային ճանապարհով են գնում․ անանցանելի ճանապարհով․․․»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը գիշերը 24:00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր: ԱԽՔ-ն նաև հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

Նշենք նաև, որ այս գիշեր ադրբեջանցիները նոր անցակետեր են տեղադրել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։

 

Տեսանյութեր

Լրահոս