Ես բոլորին` Նիկոլին, Հրանտին համարում եմ ընկերներ. Արամ Մանուկյան
Parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ: Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից:
-Ապրիլի 16-ին, արդեն ընտրություններից հետո, նույն հետևողականությամբ կզբաղվե՞ք ՍԴ-ի դիմումով ու Ընտրական օրենսգիրքը փոխելու խնդրով:
-Մինչ այդ այնքան ջրեր կհոսեն, որ ես հիմա բացարձակ չեմ կարող ասել, թե ինչպես կվերաբերվեմ այդ հարցերին 2 ամիս հետո:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Զարգացումներ են լինելու, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հիմնական քաղաքական ուժերը չեն մասնակցում նախագահական ընտրություններին: Այդ հիմնական ուժերը երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքական ուժերն են` ՀԱԿ, ԲՀԿ,ՀՅԴ, ընդ որում` այս ցանկը կարող է ընդլայնվել, մոտեցմները ընտրություններից առաջ կարող են հստակեցվել: Իշխանությունն իր այս սխալ դիրքորոշումը չի կարողանալու մարսել: Սա շատ ծանր է նստել իշխանության վրա` և ներսում, և դրսում:
-Խոսքը ո՞ր սխալ որոշման մասին է:
-Բոլոր օրենքները տորպեդահարելով, քաղաքական ուժերին զուտ քանակի հաշվին մերժելով` հասցրեցին այս իրավիճակին: Սա չի կարող լինել ընտրություն, սա ձախողում է, որովհետև չկա մրցակցություն:
–Ինչո՞ւ չկա. ընտրություններին մասնակցում են նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը,նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Սա մրցակցություն չէ՞:
-Ոչ, որովհետև հաղթելու հավակնություն ունեցող թեկնածու չկա: Հենց դրանից ելնելով` մենք որոշեցինք ոչ մեկին չպաշտպանել:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանը առանձին մասնակցում ընտրություններին: Արդյոք ՀԱԿ-ի մթնոլորտը չնպաստե՞ց դրան:
-Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հրանտ Բագրատյանի հետ: Ես հարգում եմ նրան: Պառլամենտում նստում ենք իրար կողքի, դեռ էլի չորս ու կես տարի նստելու ենք: Ես չէի ուզի, որ ինքը պարտվեր կամ շատ ցածր տոկոսներ հավաքեր: Անկեղծորեն կուզեի, որ Բագրատյանը չառաջադրվեր:
-ՀԱԿ-ը Բագրատյանին չի սատարում,Նիկոլը տարաձայնություններ ունի, հնարավո՞ր է այս ամենը ՀԱԿ խմբակցության պառակտման պատճառ դառնա:
-Չանենք վատ գուշակություններ: Ես ինձ համարում եմ խիստ ազատական, մարդկային հարաբերությունները հարգող ու դրանց նպաստող մարդ, համոզված եմ, որ մարդկային հարաբերությունները պիտի լինեն գերակա, չխանգարվեն քաղաքական հարաբերություններով: Ես բոլորին` Նիկոլին, Հրանտին համարում եմ ընկերներ և կրկնում եմ`կփորձեմ ամեն ինչ անել ընկերական հարաբերությունները մինչև վերջ պահելու համար, որովհետև խոսում եմ լավ մարդկանց մասին: Միգուցե քաղաքական առումով կարող են նրանք սխալ լինել, ճիշտ հաշվարկներ չանել, բայց դա պիտի նշանակություն չունենա:
-Ի՞նչ է սպասվում ՀԱԿ-ին:
-ՀԱԿ-ը կմնա այնքան ժամանակ, քանի կան խնդիրներ, որոնք անհանգստացնում, միավորում են մասսաներին: ՀԱԿ-ի ուժը կուսակցությունները չեն,այլ այդ մասսաները: ՀԱԿ-ը կարող է փոխել ձևը, կառուցվածքը, մոտեցումները, կարող է լրիվ ուրիշ անունով նոր շարժում սկսել, կտեսնենք: Նախկին նպատակը, որ մեր առաջ դրել ենք` արտահերթ նախագահական ընտրություններ, չի իրականացվել: Այդ նպատակին հասնելու համար կարող են լինել փոփոխություններ, նորություններ:
–Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ չմասնակցելով նախագահական ընտրություններին` Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից ընդհանրապես:
-Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է գլխավորել շարժումը:
-Ո՞ր շարժումը:
-Այսօր գոյություն ունեցող շարժումը, որը դեռ ընդարձակվելու միտումներ ունի:
-Ո՞ւմ հաշվին է ընդարձակվելու:
-Այն քաղաքական ուժերի, որոնք չեն մասնակցում նախագահական ընտրություններին:
-Այսինքն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մտնելո՞ւ են Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման մեջ:
– Ինչո՞ւ եք Դուք շարժումը սեփականաշնորհում: Եթե այս ամբողջ ընթացքում մենք համատեղ ծրագիր էինք իրականացնում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ, դա շարժում չէ՞: Հիմա ավելի շատ հիմք է լինելու միասին գործելու: Եթե ՀՅԴ-ի հետ քաղաքական ծրագիր եմ իրականացնում, դա չի նշանակում, որ Լևոնը գալիս է ղեկավարի ՀՅԴ-ն, շատ եք պրիմիտիվացնում: Թող շարժումը ակտիվանա, թող շարժման ակտիվիստը գա հրապարակ, միանա այս մեծ խնդրի լուծմանը, Լևոնն էլ լինի դրա մեջ, թող շարժումը ընտրի իր ղեկավարին: Ընտրություններին չմասնակցող բոլորը ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը առանձին-առանձին այսօր շարունակության ձևեր են փնտրում, և ես կարծում եմ, որ այդ շարունակության ձևերը ընտրություններից հետո խաչվելու են: