Բաժիններ՝

Մերկելը խոսել է իր պաշտոնավարման ընթացքում ամենադժվար ճգնաժամերի մասին

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Սիրիայից միգրացիոն հոսքերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակը անվանել է իր պաշտոնավարման ընթացքում ամենադժվարին ճգնաժամերից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի համավարակն ի սկզբանե ինձ համար շատ բարդ թվաց: Նույն կերպ դժվար էր նաև 2015 թվականին փախստականների մեծ թվի ներհոսքի ժամանակ»,- ասել է նա Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ երկու դեպքում էլ խոսքը մարդկային կյանքի մասին էր: «Ընդունել որոշումներ, որոնք ազդում են մեծ թվով մարդկանց կյանքի վրա, կարող է սթրեսային ու հուզիչ լինել»,- նշել է Մերկելը:

Հարցին, թե արդյոք հետ նայելով տեսնում է որոշումներ, որոնք հիմա այլ կերպ կաներ՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատարը բացասական պատասխան է տվել:

Կարևոր որոշումների շարքում Մերկելն առանձնացրել է Թուրքիայի հետ պայմանավորվածությունը Սիրիայից միգրացիոն հոսքերի զսպման վերաբերյալ:

Անգելա Մերկելը հոկտեմբերի 26-ից համարվում է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար: Նա այս պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել կոալիցիոն բանակցությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս