«Բազմաթիվ գերատեսչություններ տեղյակ են եղել փաստաթղթից»․ Արարատ Միրզոյանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմելով Կառավարության անդամներին՝ նշեց, թե ողջամիտ կասկած կա, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փատաթուղթ է պատրաստվում, որի բովանդակության մասին կարող ենք իմանալ միայն ստորագրելուց հետո։
«Այս կասկածն իսկապես ողջամիտ է, որովհետև կա նախադեպ՝ նոյեմբերի 9-ին ստորագրվեց իր բնույթով կապիտուլյացիոն բնույթի հայտնի փաստաթուղթը, որից տեղյակ չէր ոչ միայն հանրությունը, այլև հանրապետության նախագահը և Արտաքին գործերի նախարարը։ Իսկ, որ զիջումները կարող են կենսական բնույթի անդառնալի լինել, չի բացառում ոչ այս կառավարության՝ հանուն տարածաշրջանի խաղաղության դարաշրջան բացելու ձևակերպած նպատակը, ոչ էլ հստակ ձևակերպված են այն կարմիր գծերը, որով պատրաստվում են կանխել, մասնավորապես, Արցախի հայաթափումը, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հնարավոր կորուստները։ Կառավարությունն ուզո՞ւմ է փարատել այս կասկածները, թե՞ թողնելու է, որպեսզի այն խորանա»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։
Հարցին պատասխանեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն իր բոլոր բանակցություններում, հանդիպումներում առաջնորդվում է ՀՀ և Արցախի շահերի պաշտպանության հանձնառությամբ և մոտիվացիայով՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու մոտեցումներին։
«Մեր բոլոր բանակցություններում, բոլոր հարցերի շուրջ ցուցաբերվող մոտեցումները 100 տոկոսով համահունչ են այն մոտեցումներին, որոնք մենք բարձրաձայնում ենք։ Հղում արեցիք նոյեմբերի 9-ին, Ձեր կողմից նշված, նաև բազմաթիվ գերատեսչություններ մանրամասնորեն տեղեկացված են եղել փաստաթղթին և դրա ձևավորման ընթացքին։ Այստեղ ինձ իրավունք կվերապահեի ու հռետորական հարց կհնչեցնեի՝ Դուք արդյո՞ք կստորագրեիք նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այդ կետերով ու այդ պայմաններով։ Նոյեմբերի 9-ի շուրջ այն բովանդակությամբ և այն փաստաթղթերը, որոնք շրջանառվել են մամուլում, այդպիսի քննարկում չկա, առաջարկներ չկան, փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Կան բազմաթիվ այլ հանդիպումների առաջարկներ, որոնց արդյունքով, հաջող ընթացքի դեպքում, կարող է լինել համատեղ հայտարարություններ և այլ փաստաթղթեր, որոնք պիտի արտացոլեն Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության հանձնառության առումով մեր մոտեցումները»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Արձագանքելու իրավունքից օգտվելով, Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Նախ, ես չէի վարանի իմ աթոռը կորցնելու գնով կանգնեցնել այն պատերազմը, որն ակնհայտ գնում էր պարտության»։
Արմեն Ռուստամյանի այս հայտարարությանը տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Ամենահեշտ բանն է»։
Այնուհետև Արմեն Ռուստամյանը շարունակեց. «Ես կհրաժարվեի առաջինն այդ պաշտոնից, ասելով՝ թող գան այն մարդիկ, որոնք կկարողանան շարունակել ու պատերազմը հաղթական ավարտին կհասցնեն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում