«Ժողովրդի ընտրյալ» Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից 

Խորհրդարանում երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի օրն է։ Օրենսդիր մարմնում այսօր էլ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովվում էր ուժեղացված ռեժիմով՝ բազմաթիվ անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Մինչև նրա ժամանելը ԱԺ, գրեթե բոլոր միջանցքներում տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին հայտնվում՝ զննելու, թե ինչ իրավիճակ է, զննեցին նաև նիստերի դահլիճը։ ԱԺ գրեթե բոլոր մուտքերի մոտ կանգնած էր անվտանգության մի քանի աշխատակից։ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճ մտավ ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով, միայն դրանից հետո անվտանգության աշխատակիցների մի մասը լքեց ԱԺ միջանցքները։

Ի դեպ, հատկապես վերջին շրջանում, խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի օրերին պատգամավորներից շատ անվտանգության աշխատակիցների թիվն է լինում, մի մասն ԱԺ է գալիս Նիկոլ Փաշինյանի հետ, մյուս մասն էլ վերջին շրջանում որդեգրած առաքելությունն է իրականացնում՝ լրագրողներին արգելում է մոտենալ այս կամ այն պատգամավորի աշխատասենյակին կամ ազատ տեղաշարժվել։

Ավելացնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ժամանելուց հետո արգելված է պատուհաններից դուրս նայել, հատկապես այն պատուհաններից, որոնցից երևում է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը։ Երբ անվտանգության աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե չի՞ կարելի պատուհանից դուրս նայել, նա կարճ պատասխանեց. «Այսօր՝ ոչ»։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ ընդդիմադիր Նրկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, նախագահներին ու վարչապետներին, թե ինչո՞ւ են ժողովրդի հարկերով իրենց անվտանգությունն ապահովում, ինչի՞ց են վախենում։ Այժմ հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում «Ժողովրդի ընտրյալ» Նիկոլ Փաշինյանը, որ անվտանգության աշխատակիցների մի ամբողջ բանակով է շրջում, այդ թվում՝ երբ գալիս է խորհրդարան՝ երկրի միակ ներկայացուցչական մարմին։ Ստացվում է, որ «Ժողովրդի ընտրյալը» վախենում է ժողովրդից։

Տեսանյութեր

Լրահոս