Ես այդ կայքի տեղը գիտեմ. դա այլ է, իմ ասածը՝ բոլորովին այլ. Գեղամ Նազարյանը՝ Արշակ Կարապետյանին
«Շաբաթներ առաջ նույն օրը երեք հարցում եմ ուղարկել տարբեր նախարարությունների. երկու նախարարությունները շատ արագ պատասխանեցին, չպատասխանեց միայն ՊՆ-ն: Հիմա ես հարցս բարձրաձայնում եմ ստիպված՝ նոյեմբերի 9-ից արդեն 350 օր է անցել, մեր հերոս զոհված տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել, նրանց հուղարկավորման վայրերը չեն հրապարակվել. ինչո՞ւ չեք հրապարակում անունները,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ իր և զոհված զինծառայողների մյուս ծնողների անունից պահանջելով հրապարակել ցուցակը,- Եթե Դուք չեք ցանկանում հրապարակել, ցուցակն ուղարկեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»:
Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է:
Գեղամ Նազարյանն արձագանքելով՝ նկատեց. «Ես այդ կայքի տեղը գիտեմ. դա այլ է, իմ ասածը՝ բոլորվին այլ. ես հարցնում եմ՝ ինչո՞ւ ՊՆ-ն ինքը չի հրապարակում այդ ցուցակները և ինչո՞ւ չի տրամադրում այդ ցուցակները:
Եվ մի առաջարկ, որպեսզի տարընթերցում չլինի. ես խնդրում եմ նաև՝ այդ ցուցակում նշվի, թե նրանք որտեղից են զորակոչվել և որտեղ են հուղարկավորված, որպեսզի նաև վերջ տանք այն խոսակցություններին, թե Արցախից անգամ մեկ հոգի չի զոհվել»:
Արշակ Կարապետյանը նշեց, որ ՊՆ-ն է այդ ցուցակը տրամադրել Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին. «Մենք այդ տարբերակով ենք անհրաժեշտ գտել աշխատել: Կուսումնասիրենք Ձեր առաջարկը, որ մենք էլ հրապարակենք, որոշումը կկայացնենք, Ձեզ տեղյակ կպահենք»: