«Մենք կարո՞ղ ենք թշնամուն վստահել, նրանից ամեն ինչ էլ սպասելի է, թշնամին մնում է թշնամի». Տեղ համայնքի ղեկավար

Հոկտեմբերի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ:

«Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով:

Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Տեղ համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Ղուլունցի խոսքով՝ այս պահին հափշտակված ոչխարներից  որևէ տեղեկություն չկա։

«Այս պահին սպասողական վիճակ է, Ադրբեջանական կողմից որևէ տեղեկատվություն չկա։ Ռուսական կողմին տեղյակ պահել ենք, ամեն օր զանգահարում ու սպասում ենք, որ որևէ պատասխան կգա, սակայն ռուսական կողմը պատասխանում է, որ որևէ պատասխան չկա։

Մենք կարո՞ղ ենք թշնամուն վստահել, նրանից ամեն ինչ էլ սպասելի է, թշնամին մնում է թշնամի։ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է, որ թշնամին մտել է Կոռնիձոր գյուղ, բայց չի մտել։ Թշնամին զենքով իր պոստում է եղել, նա կոնկրետ մի մետր մեր տարածք չի մտել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ղուլունցը։

Հարցին՝ եթե այսօր է նման իրավիճակ, ինչպե՞ս է պատկերացնում իրավիճակը ճանապարհների ապաշրջափակումից հետո, այդ դեպքում ի՞նչ  պայմաններում է հայտնվելու կոնկրետ Տեղ համայնքը, Դավիթ Ղուլունցը պատասխանեց. «Պայմանները հիմա էս են, պետք է հարմարվենք, ապրենք։ Հիմա որ թուրքն իր սահմանում կանգնած է, գնանք, ասենք՝ թող դո՞ւրս արի»։

Ճշտող հարցին՝ իր սահմանի՞ն, Դավիթ Ղուլունցը պատասխանեց. «Այս պահին սահմանագծում դեռ չկա, իրենց GPS-ով ասած՝ իրենք իրենց սահմանում են կանգնած, մենք՝ մեր»։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս