Տարածաշրջանի նախկին աշխարհակարգն այլևս գոյություն չունի․ վերլուծաբան

Մեկնարկել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հերթական այցը տարածաշրջան, այս անգամ՝ Բաքվից։ Ուշադրության է արժանի հատկապես այն հանգամանքը, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային երկրներ էր այցելել ուղիղ մեկ ամիս առաջ, և այցելելով Երևան և Բաքու, Կլաարը եղել էր նաև Երասխում և Աղդամում, բոլոր իր տարածաշրջանային կանգառների ընթացքում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ աջակցել տարածաշրջանին կայուն խաղաղության ձեռքբերման ճանապարհին։

«ԵՄ-ն մտադիր է համագործակցել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասի բարգավաճման և խաղաղության»,- թվիթերյան իր միկրոբլոգի էջում տարածաշրջանային այցից առաջ գրել է Կլաարը։

Իլհամ Ալիևը Բաքվում այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, ով հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ օժանդակելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը և վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, այն, որ Շառլ Միշելի հուլիսյան այցը տարածաշրջան մեծ ներդրում է ունեցել ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում։ Մտքեր են փոխանակվել նաև ԱլԳ սպասվող գագաթաժողովի շուրջ։

Ավելի վաղ ընդունելով Ադրբեջանում ԵՄ դեսպան Միխալկոյին, Ալիևն ասել էր, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, պատրաստ են սկսել բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիա իրականացնելու և կապուղիների բացման շուրջ, որին կարող է մասնակցել նաև ԵՄ-ն։ Օրերս էլ Երևանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն էր նշել, թե Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ։

168am-ը այս տարեսկզբից մանրամասնորեն լուսաբանել է ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարածաշրջան։ Այդ առումով և ԵՄ-ին սպասվող աջակցության փաթեթի տեսանկյունից հետպատերազմյան 2021 թվականը բացառիկ դարձավ, քանի որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տարածաշրջան և ՀՀ այցելեցին իրար ետևից միանգամից մի քանի կարևոր եվրոպական պատվիրակություն՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից հարավկովկասյան երկրներ այցելեցին ԵՄ անդամ երկրների 3 ԱԳ նախարարներ, ինչպես նաև ԵՄ հատուկ ներկայացուցչի ինտենսիվացած այցերը Երևան ու Բաքու։

Եվրոպացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն ԵՄ-ի, այլև Հարավային Կովկասում բոլոր ակտիվ խաղացողների նպատակը ձևավորվելիք տարածաշրջանային դասավորությունում սեփական տեղն ունենալն է։

Ըստ նրա, այդ գործընթացները տարածաշրջանում ինտենսիվ ընթանում են, ապագա պատկերը դեռ երկար ժամանակ հստակ չի լինելու, քանի որ բուն տարածաշրջանի ներսում ևս վերադասավորումներ են ընթանում, ինչպես նաև ջանքեր են ներդրվում տարածաշրջանային երկրներից դուրս՝ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։

«Կարծում եմ՝ այնուամենայնիվ ամենահետաքրքիրը հենց ներտարածաշրջանային զարգացումներն են՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան դիրքավորումները Հարավային Կովկասում և նրանց աշխարհաքաղաքական աջակիցները։ Իր արտաքին քաղաքականության մեջ նոր էջ է բացել Իրանը, ակտիվ աշխատանք է ընթանում հարավկովկասյան ուղղությամբ։

Ինչպես տեսնում ենք, այդ աշխատանքում մեծ տեղ է տրվում Ռուսաստանին, վերջին շրջանում Իրանից երկու կարևոր պատվիրակություն մեկնեց Ռուսաստան, խոսքը ԱԳ նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի այցի մասին է։ Հայտնի է՝ ինչպես են միմյանց հանդեպ դիրքավորվում Սիրիայում Ռուսաստանն ու Իրանը, այս պահին նրանք նաև աշխատում են այս տարածաշրջանում դիրքորոշումներ ձևավորելու ուղղությամբ։

Անհասկանալի է՝ ինչ ճակատագիր է սպասվում 3+3 կամ 3+2 ձևաչափին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, սրանց զուգահեռ՝ ԵՄ-ն ինչ է անելու՝ բավարարվելու է ԱլԳ ծրագրերո՞վ, թե՞ ձգտելու է կարգավորմանը մասնակցել։

Ներկայիս ԵՄ ակտիվ վերաբերմունքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն դեմ չէ մասնակցել գործընթացի, որը կլինի ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից դուրս։ Սպասվում է աշխատանք երեք ուղղությամբ՝ սահմանագծում, խաղաղության պայմանագիր, ճանապարհներ։ ԵՄ-ն կարծես ակնկալում է, որ կարող է օգտակար լինել ուղղություններից մեկով։

ԵՄ ներկայացուցիչների այցերը պետք է դիտարկել այս շրջանակում, ԵՄ-ն ունի ներկայացուցիչներ, որոնք տեղում զբաղվում են կոնկրետ խնդիրներով։ Տարածաշրջանի նախկին աշխարհակարգն այլևս գոյություն չունի, ներկայիս փուլում ամեն բան խառնաշփոթի է նմանվում, քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակն այս փուլում ձևավորման մեջ է, և գործընթացները բավականին անկանխատեսելի են։ Ավելի փոքր դերակատարների խնդիրն է՝ կանխատեսել բոլոր սցենարները, գուցե՝ ուղղորդել»,- ասաց նա։

Ըստ նրա, կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, թե համաճարակն է դրել աշխարհակարգի փոփոխման հիմքը, կան այնպիսիք, որոք կարծում են, թե այն վաղուց է սկսվել։

«Այնուամենայնիվ, հստակ է, որ փոփոխությունը սկսվել է, այն վերաբերում է բոլոր դերակատարներին, և բավականին ուշագրավ է դիտարկել փոփոխությունները Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս