«ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում». Պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց Փելա սարը թշնամուն հանձնելու մասին տեղեկությունը, նշելով, որ դրա վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն արդեն տարածել է։

Նա նաև չպատասխանեց հարցին, թե այժմ Փելա սարում ՀՀ ՀՕՊ ուժեր կա՞ն, թե՞ ոչ։

Դիմելով լրագրողներին՝ փոխնախարարն ասաց, որ թույլ տան՝ ինքը որոշի՝ հարցազրույց տալո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ, իր կարծիքով՝ լրագրողները հնչեցնելու են հարցեր, որոնք վերաբերելու են սահմանին, իսկ  եթե պետական գաղտնիք պարունակող հարցեր հնչեն, ապա զերծ կմնա դրանց պատասխանելուց։

«Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի թաքցնում, այն, ինչը հնարավոր է հանրայնացնել՝ հանրայնացնում է։ Ես սրանից առաջ երբ ԱԺ-ում էի, քանիցս խնդրել եմ, որպեսզի հետևեն պաշտոնական լրահոսին, որևէ բան որևէ պատկան մարմին չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չի որևէ բան թաքցնել»,- նշեց Արման Սարգսյանը։

Հարցին՝ լրագրողները կարո՞ղ են այցելել, օրինակ, Փելա սար, Արման Սարգսյանը պատասխանեց, որ կարող են դիմել պատկան մարմիններին, եթե թույլ տան, ապա կարող են գնալ։

Ինչ վերաբերում է դիրքերի ընդհանուր վիճակին, Արման Սարգսյանն ասաց, որ զորքերի ընդհանուր կահավորվածության, դիրքերի, դրանց քանակի, հեռավորության և նմանօրինակ հարցերը կանոնակարգվում են «Պետական գաղտնիքի» մասին օրենքով։

«Ենթադրում եմ, որ եթե արգելում են կամ տեղեկատվություն չեն տրամադրում, այդ պետական մարմինները իրենց պատասխաններում հղում են անում հենց այդ օրենքին»,- շեշտեց նա։

Պաշտպանության փոխնախարարը նաև ասաց, որ չի արձագանքելու Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածքում իր զբաղեցրած դիրքերում ինտենսիվորեն ինչ-որ աշխատանքներ է իրականացնում և վառելափայտ կուտակում։

«ՄԻՊ-ն ինքն է  հայտարարություն արել՝ ճշտումներ կատարեք իրենից։ Ինչ վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանելուց»,- եզրափակեց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս