Վահագն Ալեքսանյանը Արթուր Ղազինյանին մեղադրեց բուռն գործունեության իմիտացիա անելու մեջ
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր 8-րդ անգամ քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցը և 8-րդ անգամ հանձնաժողովի իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմելով Արթուր Ղազինյանին՝ նկատեց՝ համաձայն է նրա այն դիտարկմանը, որ լիագումար նիստերը չեն փոխարինում հանձնաժողովի աշխատանքներին, սակայն այստեղ իր համար մեկ հարց մնում է չպարզաբանված։
«Դուք նշում եք, որ հրավիրել եք իրավասու պաշտոնյաների, որտեղ քննարկման հարցը՝ պետական սահմանի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն էր, նշելով, որ պետական գաղտնիքին չառնչվող հարցեր եք բարձրացնելու։ Այստեղ ինձ մոտ տպավորություն էր, որ դուք փորձում եք բուռն գործունեության իմիտացիա ստեղծեք։ Պարոն Ղազինյան, երբ ԳՇ պետը գա այստեղ՝ պետական գաղտնիքին չառնչվող պետական սահմանի մասին տեղեկատվություն տա, պիտի ասի՝ հետևեք Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին։ Սրանից ավելին պետական գաղտնիքին ու պետական սահմանին առնչվող ուղղակի չի կարող լինել»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։
Արձագանքելով՝ Արթուր Ղազինյանն ասաց, որ հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում սահմանին, ավելին՝ նա պետք է իմանա՝ այս պահին սահմանազատում և սահմանագծում տեղի՞ է ունենում, թե՞ ոչ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում