Վահագն Ալեքսանյանը չի հասկանում ընդդիմադիրների կողմից արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 8-րդ անգամ փորձում էր ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալին:  Նախորդ 7 անգամների նման, այս նիստում ևս «Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Արթուր Ղազինյանի թեկնածությունը առաջադրելիս չներկայացրեց պատգամավորի կենսագրությունը, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմելով Գեղամ Մանուկյանին՝ շեշտեց, թե նա կրկին չներկայացրեց Արթուր Ղազինյանին։

«Դուք փորձեցիք տարատեսակ դիվիդենտներ հավաքել, ինքներդ էլ, կարծում եմ՝ չեք հասկանում, թե ինչի շուրջ։ Ասում եք, փորձում ենք հարցեր տալ, բայց խուսափում են, արտահերթ նիստ են գումարում, չի ստացվում։ Ձեր գումարելիք նիստից ընդամենը երկու օր առաջ Կառավարությունը լիագումար նիստերի դահլիճում էր, այնտեղ էր նաև Պաշտպանության նախարարը, ձեր և այստեղ նստած որևէ մեկի կողմից չհնչեց այն հարցերից ոչ մեկը, որն ըստ երևույթին դուք ուզում էիք բարձրացնել հանձնաժողովի արտահերթ նիստում»,- խոսքն ուղղելով Գեղամ Մանուկյանին՝ ասաց իշխանական պատգամավորը։

Գեղամ Մանուկյանն էլ հարցին ի պատասխան՝ բացատրեց, թե քանի որ  գրավոր հարց էր ուղղել Կառավարությանը, այդ պատճառով էլ հարցուպատասխանի ժամանակ հարկ չի համարել նույն թեմայի վերաբերյալ հարց տալ։

«Գրավոր հարցմանը մի լղորիկ պատասխան է եկել, հարցեր դեռ կտանք, նաև այսօր կտանք  Պաշտպանության փոխնախարարին»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Արձագանքելով՝ Վահագն Ալեքսանյանն ասաց, եթե գրավոր հարցմամբ դիմել են Պաշտպանության նախարարին, այդ դեպքում հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու երևույթն ինչո՞վ է պայմանավորված։

«Թե՞ ուղղակի պետք էր, որ գայիք, փակ դուռ լիներ, ու լրագրողների առաջ պարոն Ղազինյանը ճեպազրույց տար»,- ընդգծեց պատգամավորը։

Պատասխանելով՝ Գեղամ Մանուկյանը նկատեց. «Պաշտպանության նախարարին հոկտեմբերի 4-ին գրություն եմ ուղարկել մի քանի հարցով, սակայն Պաշտպանության նախարարը պատասխանել է, որ իմ բարձրացրած հարցերը ՀՀ Պաշտպանության նախարարության իրավասություններից ու լիազորություններից դուրս է»։

Հարց հնչեցրեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցանկություն չունի՞ հաջորդ անգամ ինքը ներկայացնել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուին։

Գեղամ Մանուկյանը՝ ի պատասխան հարցին, ասաց, որ խմբակցությունն ինքն է որոշում՝ ինչպես ներկայացնել թեկնածուին։

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս