«Մի հատ տեսեք՝ իմ եղբայրը որտեղ է ապրում, դղյակ ունի՞, նա պետք է որևէ տեղ չաշխատի՞». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, թե ինչպես է  երկու խոշոր մրցույթ շահել այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իր եղբայրը։

«Նա այնտեղ աշխատում է՝  որպես տնօրեն, կարող էր որպես հաշվապահ աշխատել, բայց այդ շահումից իմ եղբոր սեփականությունը ոչ ավելանում է, ոչ իջնելու է։ Իմ եղբայրը պետք է որևէ տեղ չաշխատի՞ գումար խնդրի տարբեր կազմակերպություններից, որպեսզի կարողանա իր կյանքն ապահովել, նույնը կվերաբերի իմ կնոջը և մնացած ամեն ինչին։ Նրանք որևէ տեղ չպե՞տք է աշխատեն, աշխատավարձ չստանան, իսկ այն կազմակերպությունները, որտեղ նրանք աշխատում են, պետք է երբևիցե մրցույթի չմասնակցեն, որովհետև ինչ-որ ֆեյսբուքյան օգտատեր, Ալեն Սիմոնյան անունը շահարկելու համար, կարող է գրել, որ այդ կազմակերպությունը շահել է։ Ես ցանկանում եմ, որ այդ կազմակերպությունները էլ ավելի բաներ շահեն, եթե պետությանը դա ձեռնտու է, իսկ շահել է այն կազմակերպությունը, որն ամենաէժան գինն է առաջարկել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ երբ նախկինում իշխանության որևէ ներկայացուցչի հարազատ, բարեկամ մրցույթում շահում էր, իրենք հայտարարում էին, որ կոռուպցիոն ռիսկեր կան, հիմա չկա՞, Ալեն Սիմոնյանը հարցով հակադարձեց, թե լրագրողը տարբերո՞ւմ է սեփականատիրոջը աշխատողից։

ԱԺ նախագահի հարցին ի պատասխան՝ լրագրողն ասաց, որ շատ լավ է տարբերում, ինչից հետո շարունակեց միտքը.

«Ես համարում եմ, որ սա շինծու թեմա է, որովհետև եթե դուք այդքան մասնագիտացված եք, ապա առաջարկում եմ՝ լուրջ հետաքննություն անցկացնենք, տեսնենք, թե այդ ամենի հետ կապված կա՞ արդյոք կոռուպցիոն ռիսկեր։ Ուրիշ ժամանակ կդնեք մանկապարտեզից սկսած կհետազոտեք, բա գտեք մի բան, մի հատ տեսեք՝ իմ եղբայրը որտեղ է ապրում, դղյակ ունի՞։ Իմ եղբայրը 36-37 տարեկան տղա է, աշխատում է, իր ընտանիքն ունի, միշտ աշխատել է և շարունակելու է աշխատել։ Վերջիվերջո սովորեք, որ Հայաստանում այլևս գոյություն ունի իրավապահ մարմիններ, որոնք անտեսում են, թե ով ում հետ կապ ունի»։

Տեսանյութեր

Լրահոս