«Այդ մարդը ո՛չ հայրենիք ունի, ո՛չ ազգային գաղափար, այսինքն՝ նա կարող է գնա,  Աֆրիկայի մի երկրում ապրի ու ասի՝ սա է իմ հայրենիքը». Վազգեն Սիսլյան

«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի մարզում, առաջին հերթին ՀՀ իշխանությունների մեղքով է, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք վարում են «անատամ» քաղաքականություն։

«Ադրբեջանն այս դեպքում փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ լավ իմանալով ու հասկանալով, թե ինչ է անում, ես չեմ ուզում նրանցից շատ խոսել, նրանց գիտենք՝ ինչ բնավորություն ունեն։ Ես ավելի շատ ուզում եմ խոսել ՀՀ այսօրվա անպետքների գործողություններից, և իմ կարծիքով՝ սրանք դիտավորյալ են ամեն ինչ անում։ Երբ ԱԺ-ում վարչապետ կոչվածին հարց են տալիս, նա ասում է՝ հայրենիքն այնտեղ է, որտեղ ես եմ ապրում։ Այդ մարդը ո՛չ հայրենիք ունի, ո՛չ ազգային գաղափար, այսինքն՝ նա կարող է գնա, Աֆրիկայի մի երկրում ապրի ու ասի՝ սա՛ է իմ հայրենիքը, նման մտածելակերպ ունեցող մարդուց ի՞նչ եք սպասում։ Այս իշխանությունները ծրագրով եկած մարդիկ են, ու ես դեռ չգիտեմ, թե մեզ ինչ փորձանքներ են սպասվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։

Նրա խոսքով, առհասարակ Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ ներկայիս ապազգային իշխանությունների հեռացում, որին կհաջորդի ազգային, պետականամետ իշխանություն։

«Նիկոլն ասում է՝ իրեն ընտրել են, ավելի լավ է առհասարակ չխոսի, որովհետև ինչ խոսում է՝ սուտ է, այդ մարդուն չեմ հավատում արդեն 15 տարի, այսինքն՝ այստեղ հարգելու կամ չհարգելու հարց չկա, այդ մարդուն ճանաչում եմ ու չեմ կարող ընդունել։ Մեկ բան փաստ է, որ այս իշխանությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում՝ վտանգելով հայրենիքը»,- հավելեց նա։

Նա չի հասկանում այսօրվա հայ ժողովրդի կեցվածքը, որոնք տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ չեն արձագանքել, սակայն կան ազգային մարդիկ, որոնք կարող են ինչ-որ քայլեր անել։

«Այսօր մեր երկիրը գոյատևում է անհատների շնորհիվ, որոնք ունեն ազգային մտածելակերպ։ Նկատում եմ, որ այսօր բանակն աստիճանաբար թուլացնում են, ոստիկանին դարձրել են պետություն, սա ինձ համար աբսուրդ է։ Չգիտես՝ ինչու, այս ղեկավարները վազում են գլոբալիստական ինչ-որ գաղափարների հետևից։ Կրկնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է՝ իշխանությունների մեղքն է, իրենք պետք է հեռանան, վաղուց պետք է հեռանային, հենց պատերազմի կեսերին, սակայն սրանք աներես են, աներեսի նման մնացին։ Եթե այսպես եմ ասում, սա չի նշանակում, որ ես նախկինների կողմնակիցն եմ, բոլորովին այդպես չէ, ինքս իմ երկիրը սիրում եմ ու տեսնում եմ, որ այս իշխանությունն արժանի չէ ղեկավարելու երկիրը»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։

Տեսանյութեր

Լրահոս