Ձեր կառավարությունում կա՞ գոնե մեկը, որը կարող է խոսել ոչ թե Բադեն-Բադենի, այլ մեր հայրենիքի օկուպացիայի մասին. Հայկ Մամիջանյան
ԱԺ-կառավարության հերթական հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Կառավարությանը, թե արդյո՞ք գործադիրում կա որևէ պաշտոնյա, որը կբարձրաձայնի Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածքներն օկուպացնելու մասին:
«Տևական ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից որևէ մեկից որևէ միջազգային հարթակում ես չեմ լսել Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին փոքրիշատե ամուր հիշատակում: Ավելին, ձեր ֆրակցիայի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ բացարձակ պետք էլ չի դրա մասին խոսել: Իսկ ո՞վ ասեց, որ պետք է խոսել հայկական տարածքների դեօկուպացիայի մասին: Խնդրում եմ ուշադրություն դարձնել ասածիս՝ բացարձակ որևէ ռևանշիզմի մոտեցման մասին խոսք չի գնում, խոսքը գնում է միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու և բարձրաձայնելու, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից: Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որ պատրաստ է գոնե սկզբի համար այս ամբիոնից պնդել, որ մեր հայրենիքի որոշակի հատված օկուպացված է: Մի անգամ էլ կրկնեմ, որովհետև վերջերս ինչ հարց ձեզ տալիս ենք, Բադեն-Բադենի հնարքով եք փորձում պատասխանել: Բադեն-Բադենի օկուպացիան չէ, մեր հայրենիքի ձեր մեղավորությամբ կորցրած տարածքների օկուպացիայի մասին է: Կա՞ գոնե մի հոգի»,- հարցրեց Հայկ Մամիջանյանը:
ԱԺ ամբիոնին մոտեցավ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և պատասխանեց հարցին, որ «նախկին ԼՂԻՄ մարզ հանդիսացած և այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերաբերյալ խոսակցություն առկա է, օրակարգում կա, մեր կողմից մատնանշվում է զանազան միջազգային հարթակներում»՝ հավելելով, որ այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի «իրականորեն և էականորեն» քննարկում ունենալ ու մոտեցնել հարցի լուծումը:
Նախարարի հնչեցրած պատասխանից հետո, երբ պատգամավոր Մամիջանյանը արձագանքեց և Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային հարթակներում ներկայացրած տեքստերն «անատամ» բնորոշեց, Միրզոյանն արձագանքին ի պատասխան՝ հորդորեց ավելի շատ տեղեկացվել ու հանել այդ հարցադրումն օրակարգից:
«Ես, դժբախտաբար թե բարեբախտաբար, չգիտեմ, բայց չափազանց ավելի մեծ, էականորեն ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում իմ բառերի և սահմանում տիրող իրավիճակի փոխկապակցվածության համատեքստում, հետևաբար՝ որոշ բաներ այնուամենայնիվ ձևակերպել բարձրաձայն և շատ հաճախ թույլ տալ չեմ կարող»,- խոսքը եզրափակեց Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում