Զանգեզուրի միջանցքի թեմա չի՛ կարող լինել. Իրանի ԱԳ նախարարի հետ սա փաստել ենք. Արարատ Միրզոյան

«Ուրախությամբ ուզում էի փաստել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ լավ գործընկերային ջերմ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել իմ մոտ, իմ պաշտոնավարման, այս պաշտոնում իմ նշանակման գրեթե առաջին իսկ օրվանից»,- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին ի պատասխան՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Իրան կատարած այցի որոշ մանրամասներ:

Միրզոյանն ԱԺ ամբիոնից ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում լինելու 1-1.5 ամսվա ընթացքում  Իրանի գործընկերոջ հետ ունեցել են 1 հեռախոսազրույց, հանդիպել են Տաջիկստանում, ապա հանդիպում են ունեցել Նյու Յորքում, ապա նաև՝ Թեհրանում:

«Այս այցը, իհարկե, շատ լավ առիթ էր քննարկելու թե՛ մեր երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը, իսկ մեր երկկողմ օրակարգը իսկապես շատ հարուստ է, կան իրականացվող, իրականացված և նաև առայժմ ընթացքի մեջ գտնվող կամ գուցե նաև կիսատ ծրագրեր, և ահա մենք հնարավորություն ենք ունեցել կոնկրետ խոսակցություն ծավալելու այդ ծրագրերի շարունակության ուղղությամբ, նորերը սկսելու: Կարող եմ թվարկել: Ե՛վ նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, և՛ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումը, և՛ Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունը, բազմաթիվ այլ՝ տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր ենք քննարկել, նաև, այդ թվում, իրանական ընկերությունների ներգրավմամբ ուղիների, ենթակառուցվածքների զարգացման… իսկապես բազմաթիվ…

Բայց ուզում եմ նաև ասել, որ ինչպես ակնհայտորեն կարող եք հասկանալ՝ այս այցը և մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային նշանակություն է ունեցել և շատ կոնկրետ համատեքստ: Եվ ահա այս առումով ես ողջունել եմ և այս առիթը ուզում եմ օգտագործել, կրկին ողջունել ԻԻՀ դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակները, որ մենք ստանում ենք այս առնչությամբ:

Անշուշտ, խոսել ենք, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, այսինքն՝ ըստ էության այդ խոսակցության բացակայության վերաբերյալ, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Ապա, պատգամավորի արձագանքից  հետո, Միրզոյանը նշեց, որ քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի թեման և դրանում, Միրզոյանի գնահատմամբ, մեծ հետաքրքրություն ունի Հնդկաստանը, որի արտաքին գերատեսչության ղեկավարն առաջիկայում կլինի Հայաստանում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս