Չեմ բացառում, որ Սանասարյանի գործով ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազանգ եմ ունեցել. Արսեն Թորոսյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
Մոտ 4 ժամ դատարանում հարցաքննվեց այս քրեական գործով վկա՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը դատարանում ներկայացրեց քրեական գործի հիմքում դրված իրադարձությունները՝ հարցերին պատասխանելիս դիրքորոշում հայտնեց, թե տպավորություն ունի, որ Դավիթ Սանասարյանին իր աշխատակիցները մոլորեցրել են:
Անդրադառնալով գործին առնչվող այլ հարցերի՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրենի հետ մշտապես կապի մեջ է եղել հաղորդագրություններով ու ԲԿ ղեկավարից հեռախոսազանգ ստացել է միայն խիստ հրատապ հարցի առկայության դեպքում: Թորոսյանի փոխանցմամբ՝ հերթական զանգը ստացել է ԲԿ ղեկավարից այն ժամանակ, երբ ՊՎԾ աշխատակիցները ստուգում էին իրականացնում ԲԿ-ում, ու զանգի ընթացքում տնօրենը փոխանցել է Թորոսյանին, որ ՊՎԾ աշխատակիցները «արտասովոր, ագրեսիվ» ստուգումներ են իրականացնում: Առողջապահության նախկին նախարարը դատարանում հայտնեց, թե ՊՎԾ-ն նման «արտասովոր ստուգում» իրականացրել է նաև Թոքաբանության ազգային կենտրոնում, ու այդ կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ ՊՎԾ աշխատակիցները մտել են տնօրենի աշխատասենյակ, ասել են՝ «բոլորդ դուրս եկեք, մենք խոսալու բան ունենք տնօրենի հետ»:
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը վկայի կարգավիճակով դատարան հրավիրված Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տնօրենների հեռախոսով հնչեցրած դիտարկումներում հնարավոր համարում է սուբյեկտիվ գործոնի առկայությունը:
«Ուղիղ պատասխանելով՝ միանգամից ասեմ, որ չի բացառվում նման բան, բայց նորից շարունակելով, որ դա առաջին ստուգումը չի եղել և իրենք այնպես չի, որ կյանքում առաջին անգամ պետք է ստուգող տեսնեն ու դողային այդ ստուգումներից ու իրենց վարքագիծը գնահատեին՝ «տեսեք՝ էս ինչ են անում մեր հետ», այդպիսի ձևակերպում տային, որ դա հասներ ինձ: Եվ ես վստահելով իմ նշանակած տնօրեններին (անձամբ եմ նշանակել) և վստահելով իրենց ամբողջությամբ, ունենալով իրենց հետ այդ պահի դրությամբ առնվազն ամիսների աշխատանքի փորձառություն, հետագայում էլ չսխալվելով, իրենց զեկույցը ընդունել եմ հավաստի, ինչից հետո էլ գործողություն եմ իրականացրել»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Կողմերի հարցերին պատասխանելուց հետո դատարանը Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ հարաբերություններ է ունեցել դատավարության մասնակիցների հետ՝ մինչև գործի քննությունը և քննության ընթացքում:
«Դատավարության մասնակիցներից ճանաչում եմ միայն Դավիթ Սանասարյանին, վաղուց, 2008թ.-ից: Եվս մի անգամ հանդիպել եմ Դավիթ Սանասարյանի պաշտպանների հետ՝ առերեսման ժամանակ: Մյուս մասնակիցներից որևէ մեկին երբևէ չեմ ճանաչել, նույնիսկ չեմ հանդիպել անձամբ որևէ հանգամանքում՝ ո՛չ մինչև նախաքննությունը, ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ էլ նախաքննությունից հետո»,- ասաց Թորոսյանը: Ապա անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հետ հարաբերություններին՝ մանրամասնեց.
«Այս պահին շփում չունենք, այդ գործի նախաքննությունից հետո վերջին անգամ հանդիպել ենք առերեսման ժամանակ: Մինչև դա ունեցել ենք ակտիվ աշխատանքային ու ոչ միայն, նաև անձնական շփում, նաև մինչև պաշտոն զբաղեցնելը»:
Դատարանը Արսեն Թորոսյանին խնդրեց նաև տեղեկացնել, թե ինչ ձևով է ԱԱԾ-ին ներկայացրել իր հաղորդումը ՊՎԾ-ում ուսումնասիրություն իրականացնելու մասին: Թորոսյանի խոսքով՝ աշխատակիցները կազմել են հաղորդման տեքստը, ինքը կարդացել է այն, ստորագրել և ուղարկել ԱԱԾ: Հարցին, թե հնարավո՞ր է մինչ այդ Թորոսյանը հեռախոսազրույց ունեցած լինի ԱԱԾ տնօրենի հետ, Թորոսյանը պատասխանեց՝ «չեմ բացառում»:
4 ժամ տևած հարցաքննությունից հետո այսօրվա դատական նիստն ավարտվեց: Քրեական գործով վկաների հարցաքննությունը դատարանը կշարունակի հոկտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։