«Հայ հայը». Միքայել Պողոսյանի նոր ֆիլմն անդրադառնում է հայ մարդու առանձնահատկություններին
Կինոարվեստի երկրպագուները հոկտեմբերի 1-ից երևանյան կինոթատրոններում կարող են դիտել Միքայել Պողոսյանի «Հայ հայը» գեղարվեստական ֆիլմը, որն անդրադառնում է հայ մարդու առանձնահատկություններին, դրական ու բացասական կողմերին, երազանքներին ու խնդիրներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում, կինոնկարի ռեժիսոր ու գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանն ասաց՝ յուրաքանչյուրը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր հայաստանյան վերջին իրադարձություններին, ու ինքն էլ որոշել է ֆիլմով արձագանքել:
«Ինձ համար շատ կարևոր կինոնկար է: Նման հուզմունք ոչ մի առաջնախաղից առաջ չեմ ապրել, որովհետև սա, հուսամ, ֆիլմ է բոլորիս մասին»,-շեշտեց նա:
Պողոսյանը խոստովանեց, որ «Հայ հայը» յուրահատուկ գործ է, քանի որ այն ռեկորդային ժամկետներում է նկարահանվել: Սովորաբար, Միքայել Պողոսյանը ֆիլմ է նկարահանում 30 կամ 26 օրում, իսկ այս անգամ՝ 11 օրում:
Անդրադառնալով դերասաններին՝ Պողոսյանն ասաց, որ նրանք փայլուն են: «Ձեզ կզարմացնի անկրկնելի Նարինե Ալեքսանյանը, որը Թինա Թյորներն է բեմում»,-շեշտեց նա:
Ֆիլմի համառեժիսոր Աննա Մաքսիմի խոսքով՝ փորձել են արդիական խնդիրներ բարձրաձայնել:
«Բոլորս մեզ համարում ենք ինչ-որ կարևոր օղակ, բայց արդյոք մենք պատրաստ ենք լինել այդ օղակը, ունե՞նք համապատասխան կրթություն ու դաստիարակություն. ֆիլմում նման և այլ հարցերի մասին ենք խոսում: Կինոնկարը ճիշտ հարցադրումներ է անում, բայց պատասխաններ չի տալիս»,-նշեց Մաքսիմը:
Նա շեշտեց՝ մարդ է, որը գնում է իր նպատակի հետևից, ու քանի որ ֆիլմի հեղինակը Միքայել Պողոսյանն է, բոլորն աշխատելիս գնացել են նրա նպատակի հետևից:
«Ինձ համար շատ կարևոր էր այս ճանապարհն անցնել, որովհետև պատրաստվում եմ դեբյուտային ֆիլմ նկարահանել, և սա հիանալի դպրոց է ինձ համար: Եթե «Հայ հայը» հաջողի, մեծ բավականություն կստանամ»,-ընդգծեց Մաքսիմը:
Լրագրող, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, որը փոքր դերակատարում ունի ֆիլմում, «Հայ հայը» դիտելուց հետո ասաց՝ շատ թատերական ֆիլմ է:
«Եթե նկատեցիք, այն հարուստ էր երևանյան տարբեր թատերական բեմերում իրականացրած նկարահանումներով: Ես շատ ուրախ եմ, որ ֆիլմում կար Աղասի Այվազյանի անունը, որի հիշատակին նվիրված էր կինոնկարը: Այստեղ ակնհայտ էր Միքայել Պողոսյանի «Երևան ջան», «Երևան բլյուզ» և վաղ շրջանի այլ ֆիլմերի ազդեցությունը: Կար այն երգիծական նոտան, լարը, որն անպայման պետք է նաև թատրոնում: Շատ գոհ եմ. ֆիլմն ինձ զարմանալիորեն դուր եկավ»,-նշեց Գրիգորյանը:
«Հայ հայը» գեղարվեստական ֆիլմը միստիկ կատակերգություն է հայի մասին, որը, ինչպես ֆիլմում է ասվում, «բացառիկ է ոչ լավ և ոչ էլ վատ իմաստով, պարզապես նա բացառիկ է. նրա տեսակն այլևս չկա». և ահա այս տեսակի համար էլ սկսում է պայքարել հայը (Միքայել Պողոսյան)՝ դիմադրելով և երբեմն էլ տեղի տալով մի շարք գայթակղությունների, որոնք նրան առաջարկում է չար ուժը (Սերգեյ Դանիելյան)։
Հեշտ չէ մի կողմ դնել սեփական էգոն, դժվար է հրաժարվել գայթակղությունից, բայց հայը ուժ է գտնում և, հրաժարվելով իր անկարևոր ցանկություններից, կարողանում է բացահայտել ճշմարիտը: Ինչպես ֆիլմում է ասվում՝ նա այլևս չի ուզում բացառիկ լինել, նա ուզում է երջանիկ լինել։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս երջանիկ լինել:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Միքայել Պողոսյանն ու Աննա Մաքսիմը, սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է, բեմադրող օպերատորը՝ Արման Օրդյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Տիգրան Բաղինյանը, ձայնային ռեժիսորը Հայկ Իսրայելյանն է:
Դերակատարներն են Միքայել Պողոսյանը, Սերգեյ Դանիելյանը, Ժիրայր Բաբազյանը, Նարինե Ալեքսանյանը, Գեորգի Հովակիմյանը, Տիգրան Գյուլումյանը, Տրդատ Մակարյանը: